Մատչելիության հղումներ

«Արմմոնո» փառատոնն այս տարի նվիրված է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին


Ամեն տարի արվեստի և մշակույթի ոլորտում Հայաստանում ավանդաբար անց են կացվում ամենատարբեր փառատոններ, որոնց մի մասը համավարակի հետ կապված հետաձգվել է՝ հասկանալի պատճառներով, իսկ մի քանիսն էլ անցկացվեցին առցանց ձևաչափով: Այսօր առավոտյան էլ Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանում տեղի ունեցավ «Արմմոնո» մոնոներկայացումների 18-րդ միջազգային թատերական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին երեկոյան արդեն կհաջորդեն մենաներկայացումները:

Այս տարի «Արմմոնո»-ն նվիրված է մեր մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին, և այս երեկո փառատոնը կբացվի Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» վիպակի հիման վրա ստեղծված Նարինե Գրիգորյանի համանուն մենաներկայացմամբ:

Ուշագրավ է, որ փառատոնի կազմակերպիչներն այս պայմաններում չեն հետաձգել փառատոնը, որը կանցկացվի առցանց հեռարձակմամբ՝ օգոստոսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում, նաև բացօթյա ներկայացումներ տեղի կունենան՝ սահմանափակ թվով հանդիսատեսի մասնակցությամբ:

«Ազատության» հետ զրույցի ընթացքում փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ, փառատոնն այս տարի այլ ձևաչափով կանցկացվի ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Ընդհանուր առմամբ այս տարվա փառատոնին 21 ներկայացում կմատուցվի թատերասերներին:

«Կլինի և՛ կենդանի, և՛ առցանց: Միջազգային ծրագիրը, բնականաբար, կլինի առցանց, բայց նաև էկրանով: Մենք, փառք Աստծո, պարետատնից ստացանք թույլտվություն, շատ քիչ հանդիսատես ունենալու հնարավորություն կունենանք, 21 ներկայացումներից երկու ներկայացումները չեն լինի առցանց: Քանի որ սա առաջնախաղ է և «Արմմոնո» փառատոնի նախագիծ է, ես կարծում եմ, նախագիծը կխաղացվի երկար տարիներ», - ասաց Մխիթարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG