Մատչելիության հղումներ

Կինոգործիչ․ Ֆիլմարտադրության պրոցեսը ամբողջ աշխարհում գնում է դեպի համագործակցությունների դաշտ


Հայաստանում կինոարվեստի զարգացմամբ և առաջընթացով մտահոգ են բոլորը: Սա պնդում են թե' կինոոլորտի պատասխանատուները, թե' տարբեր կինոստուդիաների ղեկավարերն ու ներկայացուցիչները, թե' ավագ և երիտասարդ սերնդի կինոգործիչները:

Կինոօպերատոր, երկար տարիներ կինոարտադրության ոլորտում աշխատած, ներկայումս «Կինոկետ Պրոդաքշընս» ընկերության հիմնադիր տնօրեն Մկրտիչ Բարոյանը «Ազատության» հետ զրույցում շեշտում էր, որ քաջ ծանոթ է ոլորտի խնդիրներին` կինոարտադրությունում իր անցած ճանպարհի շնորհիվ, և այսօր էլ փորձում է իր լուման բերել ոչ միայն ի նպաստ այդ խնդիրների լուծման, այլև կինոոլորտի զարգացման:

Մկրտիչ Բարոյանի համոզմամբ, հայ կինոարտադրության խնդիրը փոքր շուկան է, որը չի համապատասխանում կինոյի ծախսատար պրոցեսին: Փոքր շուկան թույլ չի տալիս մեծ ներդրումներ անել և լուրջ նախագծեեր իրականացնել: Անկախացումից ի վեր տարբեր պատճառներով կտրվել է նաև մասնագետների պատրաստման որոշակի շղթան, ինչը նույնպես լուրջ բարդություններ է առաջացնում:

Բարոյան. – Ու հիմա, այդ առումով բավականին բարդ ժամանակաշրջանում ենք մենք փորձում մասնակից դառնալ այդ ամեն ինչը ուղղելու գործընթացներին: Բնականաբար, միայն մեր ընկերությունը չի կարող այդ ամեն ինչը իրականացնել, ընդհանուր դաշտը, բոլորը պետք է աշխատեն այդ ուղղությամբ:

«Ազատություն». – Ձեր կողմից ի՞նչ քայլեր են, եթե ոչ ձեռնարկվել, ապա ծրագրվել:

Բարոյան. – Հիմնականում մենք փորձում են առանձնացնել հայկական կինո և հայկական կինոարտադրություն եզրույթները: Շուկայի փոքրության պատճառով պետությունը, ի դեմս Ազգային կինոկենտրոնի, որոշակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ոլորտին, որպեսզի ոլորտը կարողանա, եթե ոչ ոտքի կանգնել, ապա գոնե ամբողջությամբ ծնկի չգալ: Բայց մի շատ կարևոր հանգամանք կա. ֆիլմարտադրությունը կարող է գոյություն ունենալ, զարգանալ և ստեղծել նոր հնարավորություններ միայն և միայն այն դեպքում, եթե այդ ամեն ինչի մեջ կա բիզնես բաղադրիչ: Որովհետև ինչքան էլ պետությունը ֆինանսավորի, դա չի կարող ամբողջությամբ բերել ոլորտի ոտքի կանգնելուն: Ֆիլմարտադրության ամբողջ պրոցեսը տնտեսական տեսակետից ամբողջ աշխարհում գնում է դեպի համագործակցությունների դաշտ: Այդ առումով մենք ունենք հարևան երկրների, և ոչ միայն հարևանների փորձը: Որոշակի օրենսդրական փոփոխությունների շնորհիվ ստեղծել են նպաստավոր միջավայր ավելի խոշոր ֆիլմարտադրող երկրներին գալ և այդ երկրում իրականացնել որոշակի բիզնես պրոյեկտներ, ֆիլմերի նկարահանում: Արդյունքում շատ մեծ գումարներ են մտնում այդ երկրներ, ձևավորվում է համապատասխան անձնակազմ` տեխնիկական, ստեղծագործական, որոնք ավելի հզոր ընկերությունների հետ աշխատելու արդյունքում ձեռք են բերում փորձ, և միջոցով կամաց-կամաց կայանում է պետական ռեսուրսը` մասնագիտական որակներով կամաց-կամաց բարձրանալով ու դառնալով համարժեք համաշխարհային որակին: Այդ առումով մենք շատ ենք կարևորում «Կինոյի մասին» օրենքի ընդունումը: Դա կբերի դաշտի աշխուժացմանը, դա կբերի ներդրումների Հայաստանում, դա կբերի նոր նախագծեր Հայաստան:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG