Վահագնաձորի 24 տարվա գյուղապետ Էդիկ Եղոյանն ինքն իր հետ առուվաճառքի պայմանագիր է կնքել ու իր սեփական տունը մոտ 20 հազար դոլարով վաճառել գյուղապետարանին։
2018 թվականի սեպտեմբերին ավագանու 5 անդամից երեքի մասնակցությամբ կայացած նիստում որոշել են գյուղապետին պատկանող 65 քառակուսի մետրանոց տան համար տեղական բյուջեից հատկացնել 9 միլիոն 350 հազար դրամ։
«Քանի որ Վահագնաձոր համայնքը, գյուղապետարանը ընդհանրապես 1990 թվականից գույղապետարանի շենք չի ունեցել, եղել է անհատական դոմիկը և եղել է այս անհատական շենքը», - ասաց Էդիկ Եղոյանը:
Իրավապահները համարել են, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին գտնվող 65 քառակուսի մետրանոց շինությունը չէր կարող մոտ 20 հազար դոլար արժենալ։ Հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով համայնքին էական վնաս պատճառելու և խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու համար։
Մինչդեռ իր տունը գյուղապետարան դարձրած Էդիկ Եղոյանը համամիտ չէ։ Ասում է՝ տան գինը որոշելու համար հատուկ լիցենզավորված կազմակերպության է դիմել, որն ուսումնասիրել ու գնահատել է գույքը 9 միլիոն 350 հազար դրամ։ Հենց այդ գնով էլ ավագանին որոշել է ձեռք բերել տունը գյուղապետից։
«Այսինքն` եթե այս գրասենյակը չլիներ իմ անձնականը, ես գնահատման կարիք չէի ունենա, սեփականատերն ասում է՝ «այս գինն է և վերջ, կուզես, հարմար ա՝ առ, հարմար չի՝ մի առ»: Ես ընդամենը գնահատել եմ տվել, որպեսզի համոզվենք, որ մեր ասած գինն ու այդ գինն իրար համապատասխանո՞ւմ է, թե՞ չէ», - ասաց համայնքապետը:
Վահագնաձորի գյուղապետարանը դեռ 1998 թվականից է գործել այդ շենքում, որն այդ տարիներին պատկանում էր անտառտնտեսությանը։ Գյուղապետն ասում է, թե տարիներ շարունակ դիմումներ էր գրում կառավարությանը շենքը որպես գյուղապետարան գնելու խնդրանքով, բայց կառավարությունը մերժում էր, համայնքի 7,5 միլիոն դրամանոց բյուջեն էլ չէր բավարարում։ Ի վերջո 2007 թվականին Էդիկ Եղոյանն իր 9 տարվա փաստացի աշխատատեղն արդեն սնանկ ճանաչված անտառտնտեսությունից գնել է 7000 դոլարով ու դարձրել իր սեփականությունը։ Ինքն ու իր երկու ենթակաները շարունակել են աշխատել արդեն իր սեփական տան մեջ մինչև 2018-ը, երբ հեղափոխությունից հետո ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանը նրան թույլատրել է իր 7000 դոլարով գնած տունը մոտ երեք անգամ թանկ վաճառել համայնքին ու պաշտոնապես դարձնել գյուղապետրան։
Պնդում է, թե դրա իրավունքն ունեցել է, քանի որ իր սեփական տանը գյուղապետի պարտականությունները կատարելիս անձնական միջոցներից մեծ ծախսեր է արել գյուղապետարանի համար։ «Ես 30 տարի իմ գրպանից, իմ երեխաների փայից, իմ երեխաների հացից գյուղապետարանի տոկի փող տամ, գյուղապետարանի շենք տրամադրեմ անհատույց, հավաքարարին ես միշտ իմ գրպանից փող եմ չէ՞ տալիս: Դե եթե չունենք շենք, ես ոնց կարամ ձևակերպեմ հավաքարար», - նշեց Եղոյանը:
Վահագնաձորի բնակիչները 2 տարի առաջ տեղի ունեցած գործարքից տեղյակ չէին։ Գյուղի կենտրոնում գործող խանութի սեփականատերն ասաց՝ գյուղի անցուդարձից տեղյակ է լինում, բայց այս մասին՝ չի լսել։
«Ես չեմ խառնվել տենց բաներով, տեղյակ չեմ: Ես չգիտեմ՝ դա ճիշտ ա, ճիշտ չի», - ասաց գյուղի բնակիչներից մեկը:
Գյուղացիներն ասացին, որ գյուղապետի 20 հազար դոլարով վաճառված տնից կես կիլոմետր հեռու, դարձյալ մայրուղուն կից մի երկհարկանի տուն է վաճառվել մեկ ամիս առաջ՝ ընդամենը 6,5 հազար դոլարով՝ երեք անգամ էժան։
Գյուղացիներից մեկն էլ պատրաստվում է իր երկհարկանի տունը վաճառել՝ 10 հազար դոլարով։ Վահագնաձորի գյուղապետի տունն ավելի քան 9 միլիոն գնահատած «Է. Ապրեսյան» ընկերությունը նույն տարում համայնքին պատկանող 2002 թվականի արտադրության «Նիվա» մակնիշի ավտոմեքենան օտարելուց առաջ գնահատել է ընդամենը 103 հազար դրամ։ Գյուղապետն ասում է՝ մեքենան մի քանի տարի չէր շահագործվում և քայքայվել էր։
Նշենք, որ Էդիկ Եղոյանը Վահագնաձորը ղեկավարում է 1994 թվականից։ Ասում է՝ միայն մեկ անգամ է ընտրություններում մրցակից ունեցել։