Մատչելիության հղումներ

Չկա այլ երկիր, որտեղ հանրային մուլտիպլեքսում լինեն քաղաքական ուղղվածություն ունեցող օտար հեռուստաալիքներ. ՀՌՀ նախագահ


«Ազատություն»-ը «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակներում զրուցել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Օգտատերերից մեկը հարցնում է՝ «տեսալսողական մեդիայի մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կա՞ն ալիքներ, որոնք չեն համապատասխանում օրենքի պահանջներին և կարող են հայտնվել փակման փաստի առաջ: Խոսքը տեղական ալիքների մասին է»:

Հակոբյան. - Այս պահին չենք կարող ասել, որովհետև այս պահին օրենքը ստորագրված չի Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից, և ստորագրելուց հետո և մեր մրցույթ հայտարարելուց հետո, որտեղ հստակ կշարադրվեն հանձնաժողովի կողմից լիցենզիոն պարտավորությունները, որոնք բխում են օրենքի պահանջներից, իսկ այս օրենքում բովանդակության հանդեպ որոշ խստացումներ կան, ապա արդեն հեռուստաընկերությունները պետք է որոշեն՝ ինչքանո՞վ է արդարացված իրենց համար մրցույթին մասնակցելը: Ես կարծում եմ, որ այն հեռուստաընկերությունները, որոնց նպատակը մեծ մասամբ ոչ թե հանրային շահը սպասարկելն է կամ տեղեկատվական պահանջմունքները բավարարելն է, այլ այս կամ այն քաղաքական գործչի կամ ֆինանսատնտեսական շահեր սպասարկելն է, ապա նրանք երկար կմտածեն և հետո միայն կմասնակցեն մրցույթին:

«Ազատություն». - Մեկ այլ օգտատեր էլ հետաքրքրվում է. «Շատ լրատվականներ հատուկ հրապարակում են ապատեղեկատվություններ և հղում են տալիս իրենց ներքին աղբյուրներին: Պարզ է՝ աղբյուրը լրագրողի ֆանտազիան է: Այս պահին նրանք իրավունք ունեն չհրապարակել այդ ներքին աղբյուրների մասին տեղեկատվություն: Ի՞նչ պատիժ և կանխարգելիչ մեխանիզմներ կան նոր օրենսդրությամբ»:

Հակոբյան. - Օգտատերի համար միգուցե պարզ է, մեր համար պարզ չէ՝ դա ֆանտազիա՞ է, թե՞ իսկապես լրատվամիջոցի համար վստահելի աղբյուրներն են: Բոլորս գիտենք, որ օրենսդրությունը, ոչ միայն Հայաստանում, երաշխավորում է մեդիայի համար՝ չհրապարակել իրենց ինֆորմացիայի աղբյուրները: Շատ ժամանակ իսկապես ապատեղեկատվություն տարածվում է, հղում անելով աղբյուրների վրա, իսկապես մտացածին տեղեկատվություն է տարածվում, սակայն ես պետք է ասեմ, որ այստեղ նվազ է հանձնաժողովի դերը: Եթե ամբողջ հասարակությունը, չօգտագործելով օրենսդրության տված հնարավորությունները, չպայքարի այդ ապատեղեկատվության դեմ, ապա հանձնաժողովն անզոր կլինի:

«Ազատություն». - Մեկ այլ օգտատեր էլ ասում է՝ «Պարոն Հակոբյան, շատ է խոսվում այն մասին, որ այս օրենքը հղի է վտանգներով, այն է՝ իրենից ներկայացնում է հակառուսական պրոպագանդա: Որքանո՞վ են այս տեսակ թեզերը համապատասխանում իրականությանը»: Պարոն Հակոբյան, նախագծի ընդունումից հետո սկսվեցին քննարկումներ, թե ռուսական մեծ լրատվամիջոցները Հայաստանում հեռարձակվող կփակվեն, ընդհանուր առմամբ ունե՞ք վիճակագրություն, ի՞նչ թվի մասին է խոսքը:

Հակոբյան. - Մեծ մասամբ անհանգստությունները շինծու են: Արդեն 15-20 տարի է պետությունները սկսեցին գծել անվերահսկելի ինտերնետային տարածքում իրենց սուվերեն մեդիա տարածքը, որը կոչվում է հանրային մուլտիպլեքս: Եվ ամբողջ աշխարհը եկավ այն մտքին, որ այդ անվերահսկելի տարածքում դու պետք է ունենաս մի կղզյակ, որտեղ պետք է հեռարձակվեն քո հեռուստածրագրերը, պետք է հեռարձակվեն քո պետական լեզվով, պետք է արտահայտեն քո պետության, քո հասարակության օրակարգը, պետք է խոսեն քո խնդիրների մասին, քո երկրի, և պահպանեն քո ինքնությունը, քո լեզուն, քո մշակույթը: Բոլոր երկրները ունեն հանրային մուլտիպլեքս, որը եթե մենք համեմատենք սպառողական զամբյուղի հետ, այնտեղ մտնում է տեղեկատվական այն նվազագույն զամբյուղը, որը ցանկացած մարդ Հայաստանում, ով ունի հեռուստացույց, կարող է տեղեկատվական ապրանքը սպառել: Այստեղ պետությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի կստանա այն նվազագույն փաթեթը տեղեկատվության, որն ինքը երաշխավորում է: Դա հանրային մուլտիպլեքսն է, որտեղ այսօր բացի տեղական հեռուստաընկերություններից հեռարձակվում են նաև օտար հեռուստաընկերություններ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ աշխարհում որևէ այլ երկիր չկա, որտեղ հանրային մուլտիպլեքսում լինեն հասարակական, քաղաքական ուղղվածություն ունեցող օտար հեռուստաալիքներ:

Խնդիրը նոր օրենքով կարգավորում է հենց այդ հանրային մուլտիպլեքսը, որտեղ օտար հեռարձակողները կարող են հեռարձակվել միայն միջպետական կամ միջկառավարական կամ միջազգային պայմանագրերով: Խոսքը չի գնում փակելու մասին, հարյուրավոր օտար հեռարձակողների մասին, որոնք առկա են կաբելային ցանցերում, արբանյակներում և այլն, խոսքը գնում է միայն հանրային մուլտիպլեքսի մասին:

Ինչի՞ հակառուսականության մասին խոսք գնաց, որովհետև այդ հանրային մուլտիպլեքսում ցուցադրվում է միայն մեկ ամերիկյան ծրագիր՝ CNN-ը, և երեք ռուսական, և այդ պատճառով է, որ դա դիտվեց որպես հակառուսական ուղղվածություն ընդունվող և սկսեց շահարկվելը՝ հատկապես, ինչը իմ համար շատ զարմանալի էր, այն քաղաքական ուժերի կողմից կամ անհատների, որոնք շատ են սիրում խոսել ազգային ինքության մասին, սորոսական ազդեցության մասին՝ նրանք սկսեցին թմբկահարել այն, որ սա հայերի շահերի դեմ է, սա ունի հակառուսական ուղղվածություն: Եվ ամենազարմանալին այն է, որ Հայաստանում այդ աղմուկը, այդ ապատեղեկատվությունը շատ ավելի մեծ էր, քան կոնստրուկտիվ ռուսական կողմի արձագանքը:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG