Բարձր միավորներով բուհերից դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են պայքարը: Դիմել են վարչական դատարան՝ ընդունելության քննությունների նոր կարգն անվավեր ճանաչելու պահանջով։
Նրանք 87 հոգի են, բայց թիվը, ինչպես ասաց նախաձեռնող խմբից Մասիս Բաբալյանը, կարող է ավելանալ:
Նա, մի քանի ծնողների ու դիմորդների խմբի կազմում, խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկման էր հրավիրվել: Ցուցարարների առաջարկն անփոփոխ է. բուհերից բարձր միավորներով դուրս մնացածների համար տեղեր ավելացնել, հետո, արդեն առաջին կուրսի առաջին կիսամյակում զտել՝ ըստ առաջադիմության:
Մասիս Բաբալյան. – «Բնականաբար, դիմորդը շահում ա` դարձավ ուսանող: Բնականաբար, բուհը շահում ա` իր բյուջեն բացառապես վճարովի ա: Եվ շահում ա պետությունը, որ էս շարժումը` բողոքի տեսքով, դառնում ա լուծված, վերանում ա»:
Իշխանական «Իմ քայլից» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ասաց, որ դա հնարավոր չէ, քանի որ բուհերն ըստ լիցենզիայի սահմանափակ տեղեր են ունենում. – «Մեր էն բարի ցանկությունը, որ այնուամենայնիվ տեղեր իջեցվեն, ասացին, որ հնարավոր չէ»:
«Լուսավոր Հայաստանից» Աննա Կոստանյանը սակայն հնարավոր է համարում տեղերի ավելացումը՝ պնդելով, որ այդպես եղել է. – «Կոնկրետ Բրյուսովի անվան պետական համալսարանում հանկարծ ինչ-որ տեղեր են բացվել, որտեղ դիմորդներին տվել են հնարավորություն: Շատ հնարավոր է, որ այլ բուհերում էլ էդպես, շատ պատահաբար տեղեր հնարավոր լինի բացել»:
Օրեր շարունակ բազմաթիվ դիմորդներ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պնդելով, որ ընդունելության նոր կարգ է ներդրվել, որով մրցույթն անցկացվում է միայն հայտում նշված առաջին մասնագիտության գերակայությամբ, իրենք տեղյակ չեն եղել և բարձր միավորներով ընդհանարպես բուհից են դուրս մնացել: Հին կարգով կարող էին հավակնել հայտում նշված երկրորդ, երրորդ, հաջորդող տեղերին:
Արտուշ Հովսեփյանը 14,5 միավորով դուրս է մնացել բուժֆակից, միավորն անցողիկ է ստոմատոլոգիա և դեղագործական բաժինների համար, բայց դրանք նշել է երկրորդ ու երրորդ տեղերում, ուստի նոր կարգով ուսանող չի դառնում. – «Ինձ պատասխանում են, որ շատ հանգիստ կարող ես ընդունվել մասնավոր բուհեր: Մասնավոր բուհի ցանկություն ես չունեմ»:
Դիմորդ Հայկ Բաբալյանը 15,75-ով դուրս է մնացել իրավագիտականից, ևս 7 ֆակուլտետ է նշել. վերջում, ասաց, որ դատարկ վանդակ չմնա՝ նաև հնագիտականը: Եվ քանի որ միայն այդտեղ է թափուր տեղ եղել, այդտեղ էլ ընդունվել է: Բայց բողոքում է, քանի որ ավելի ռեյտինգային՝ քաղաքագիտության բաժին նույնիսկ 7,5 միավորով են ընդունվել:
Լիլիթ Ստեփանյանն այս մի բողոքը համարում է բոլորովին անընդունելի, քանի որ այդ դիմորդը փաստորեն ընդունվել է:
Բաբալյանը նշեց, որ նոր կարգի առաջացրած խնդիրներից բացի, նաև տեխնիկական անհեթեթություններ են եղել. – «Մարդիկ տվել են հայոց լեզվի և գրականության քննություն և ընդունվել են կիրառական մաթեմատիկա... Այդ տեխնիկական խնդիրների պատճառով իրենք ազդել են 17 տարեկան դիմորդի հոգեբանության վրա»:
Իշխող խմբակցության պատգամավորը հակադարձեց, թե տեխնիկական սխալներ կարող էին լինել, ի վերջո ավելի քան 11 հազար դիմորդի մասին է խոսքը. – «Իմ, Կառավարության և լիազոր մարմնի անունից ներողություն եմ խնդրում էս տեխնիկական սխալի համար»:
Ստեփանյանը նաև ասաց, որ տեխնիկական խնդրի պատճառով դուրս մնացած ամեն դիմորդի համար կդիմեն կրթական գերատեսչությաանը, բայց առաջին մասնագիտության մրցույթից դուրս մնացածների հարցում «անելիք չկա», տեղեր ավելացնել հնարավոր չէ:
Դիմորդներն ու նրանց ծնողները հակադարձում են` տեղյակ չեն եղել, որ կարգ է փոխվում:
Ստեփանյանն ասաց, որ գուցե իրազեկման գործը լավ չի արվել, բայց դիմորդների ծնողները պետք է իմանային, քանի որ անձամբ ինքը խորհրդարանի ամբիոնից է խոսել, Կրթության նախարարը` ֆեյսբուքյան լայվով.- «Էդ ո՞նց էղավ, կեսը իմացել են, կեսը չեն իմացել կարգի մասին»:
Ի դեպ, պատգամավորը հարակից զեկուցող էր, երբ մայիսին փոփոխությունների հարցը քննարկվում էր խորհրդարանում. – «Ասել, որ քաղաքացին չի կարդացել, չի լսել, չի արել... շատ ներողություն, իսկ ինչո՞ւմ է կայանում լիազոր մարմնի աշխատանքի իմաստը»:
«Լուսավոր Հայաստանից» Աննա Կոստանյանը վստահ է, որ կրթական գերատեսչությունը պարտավոր էր պաշտոնապես ծանուցել, և դա անհնար չէր տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում. – «Հնարավոր էր նաև հաղորդագրությունների ձևով իրականացնել, լինեին 11 հազար, 12 հազար, թե 100 հազար դիմորդներ»:
Դիմորդներն ու նրանց ծնողները շարունակելու են բողոքը` այսօրվանից նաև իրավական ճանապարհով: Իսկ երեք խմբակցությունների պատգամավորները խոստացան խնդիրը մեկ անգամ էլ ներկայացնել կրթական գերատեսչության քննարկմանը։
Պատգամավոր Ստեփանյանը ծնողներին հորդորեց փոխել վերաբերմունքը. եթե երեխան առաջին տարին չի ընդունվել, ասաց, դա ո'չ անձնական, ո'չ էլ ազգային ողբերգություն է: Ինքը, օրինակ, ընդհանրապես դժվարությամբ է բուհ ընդունվել։