Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով տուժած բնակավայրերից Այգեպարում այս պահին էլ շարունակվում են շինարարական ակտիվ աշխատանքները:
Սահմանամերձ երեք համայնքներում՝ Ներքին Կարմիրաղբյուրում, Չինարիում և Այգեպարում 89 տուն է վնասվել, բազմաբնակարան շենքի 14 բնակարան էլ՝ Այգեպարում:
Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Բոլոր տեղերն էլ, որտեղ որ նախագիծ-նախահաշվի խնդիր չկա, բոլոր տեղերն էլ շինարարությունը գնում է: Որտեղ որ ավելի շատ է վնասված, նախագիծ-նախահաշվի խնդիր կա, բնականաբար, մի փոքր ուշ կսկսվի շինարարությունը»:
Սահմանամերձ 36 բնակավայրերում ապրողներին մինչև 2024 թվականի հունվարը հնարավորություն է տրվելու պետությունից ստանալ որոշակի աջակցություն: Շրջանառության մեջ է դրվել սահմանամերձ բնակավայրերին սոցիալական աջակցություն նախատեսող օրենքի նախագիծը, այսինքն՝ Հայաստանում գործող «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքը նոր դրույթներով է համալրվում:
Ըստ այդ փոփոխությունների՝ առաջարկվում է ևս երեք տարով երկարաձգել մի շարք արտոնություններ: Պետությունը 36 բնակավայրի համար 50 տոկոսի չափով կփոխհատուցի սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի վճարները: Էլեկտրաէներգիայի, բնական գազի սպառման ծավալների որոշակի սահմանափակում կա, սակայն ոռոգման ջրի դեպքում անկախ օգտագործված ծավալից 50 տոկոսի չափով կվճարի պետությունը: Բնակիչներն ամբողջությամբ կազատվեն հողի հարկից ու գույքահարկից: Աշակերտներին դասագրքերը կտրվեն 50 տոկոս զեղչված կամ անվճար:
Առաջարկվում է օրենքի ուժով ամրագրել այն, որ Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով վնասված տները պետությունն ամբողջությամբ կվերականգնի:
Փոփոխությունների նոր նախագծի համահեղինակ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշում է. - «Աշխատանքները արդեն սկսվել են, որոշ դեպքերում նաև ավարտվել են բարեբախտաբար՝ խոսքս վնասված տների մասին է, վերջին հակառակորդի վայրագություններից տուժած գույքին է վերաբերում: Բայց մենք, է՛լ ավելի երաշխավորելով այդ քաղաքացիների գույքը, օրենքի ուժով ենք ամրագրում, նախագծով նախատեսում ենք, որ Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով վնասված տները, որոնք չեն հանգեցրել օթևանի կորստի, որովհետև օթևանի կորստի դեպքում պետությունը մեկ ամսվա ընթացքում պարտավոր էր այլ, համարժեք բնակարանով ապահովել բնակիչներին, բայց մենք կարծում ենք, որ, օրինակ, լինում են դեպքեր, երբ օթևանը ամբողջությամբ չի վերանում, այլ վնասվում են, օրինակ, տան տանիքը, ապակիները կամ այլ հատված, որը հնարավոր է վերականգնել, և մենք հիմա օրենքի ուժով փորձում ենք սա երաշխավորել մեր սահմանապահ բնակիչների համար, որ վնասվելու դեպքում պետությունը ամբողջությամբ կվերականգնի այդ վնասված օթևանները»:
«Բնականաբար, նախապատվությունը և հիմնականում խոսքը գնում է բնակվող բնակելի տների մասին, այսինքն՝ որտեղ մարդիկ են ապրում», - ընդգծեց Գաբրիելյանը:
Եթե բնակիչներից որևէ մեկը վիրավորվի, ինչի հետևանքով ձեռք բերի հաշմանդամության կարգ, ապա ոչ միայն նրա բուժօգնությունը կլինի անվճար, այլև կախված հաշմանդամության կարգից՝ պետությունից բնակիչը կստանա 1-3 միլիոն դրամ գումար:
Եթե խաղաղ բնակիչը զոհվի, ապա պետությունը նրա ընտանիքին միանվագ 5 միլիոն դրամ կտրամադրի:
Շրջանառության մեջ դրված նախագիծը խորհրդարանում կքննարկվի աշնանը: