Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը անցել է 16,6 միլիոնը, զոհերի թիվը մոտենում է 660 հազարին, հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 9,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Վարակակիրների թվով առաջինը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, երկրորդը՝ Բրազիլիան, երրորդը՝ Հնդկաստանը։
Եվրոպայում զգուշանում են համաճարակի երկրորդ ալիքից: Գերմանիայում վերջին օրերին արձանագրվել է կորոնավիրուսային վարակի դեպքերի աճ, երեկ հայտնաբերվել է վարակի 633 նոր դեպք, նախորդ օրը՝ երկուշաբթի՝ 340: Բեռլինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Կոխի ինստիտուտի տնօրենն ասել է. - «Մենք տեսնում ենք արագ զարգացող համավարակ»: Լոթար Վիլերը կարծում է, որ վերջին շրջանում գերմանացիները կորցրել են զգոնությունը, և հորդորել է դիմակներ կրել, խստորեն պահպանել սոցիալական հեռավորությունն ու հիգիենայի կանոնները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Եվրոպան, հնարավոր է, արդեն գործ ունի կորոնավիրուսային պանդեմիայի երկրորդ ալիքի հետ: Դրանով է նա բացատրել Իսպանիայից ժամանողների համար պարտադիր երկշաբաթյա կարանտին սահմանելու իր որոշումը:
Իսպանիայի կառավարությունը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել Իսպանիայից Միացյալ Թագավորություն այցելողների կարանտինին: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը որոշումն անարդար է անվանել և ասել, որ իր երկրի որոշ շրջաններում բրիտանացի զբոսաշրջիկները կարող են իրենց ավելի ապահով զգալ, քան տանը: Մասնավորապես, իսպանացիները դժգոհ են, որ Բրիտանիան բացառություն չի արել զբոսաշրջիկների համար, ովքեր վերադառնում են Բալեարյան և Կանարյան կղզիներից, որտեղ գործնականում չկան կորոնավիրուսների դեպքեր:
Միլիարդատեր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ շնորհիվ COVID-19-ի բուժման համար օգտագործվող հակավիրուսային դեղամիջոցների` այս հիվանդությունից մահվան դեպքերի թիվը կարող է զգալիորեն նվազել մինչև տարեվերջ, և հասարակությունը կարող է վերադառնալ նորմալ կյանքի: Ըստ Microsoft-ի հիմնադիրի՝ «Ռեմդեսիվիր»-ը ամենաառաջադեմ դեղամիջոցներից մեկն է, այն ծանր բարդություններ ունեցող հիվանդների շրջանում նվազեցնում է մահվան ռիսկը 62 տոկոսով: Գեյթսն ավելացրել է, որ գիտնականները ստուգում են ևս երկու հակավիրուսային դեղամիջոցների ազդեցությունը: