Ուկրաինայի ժամանակավոր պահման մեկուսարաններում լյուքս բանտախցեր են ստեղծվել, որոնք չեն զիջում միջին կարգի հյուրանոցների կամ, ասենք, առողջարանների մեկ սենյականոց համարներին։ Սրանք լուսավոր սենյակներ են, կահավորված նորմալ մահճակալով, պահարանով, հեռուստացույցով, լոգարանով, ուտելիքը տաքացնելու էլեկտրական սարք կա, ինչպես նաև օդափոխիչ։
Լյուքս բանտախցերն անօրինական չեն, ինչպես բանտերում լինում են գողականների ու հեղինակությունների համար, սրանք օրինական բանտախցեր են, որտեղ մնալու գինը օրը 73 դոլար է։ Սա մայրաքաղաքային գինն է, Կիևից դուրս մեկուսարանների լյուքս համարներն ավելի էժան են։ Նման մեկուսարաններում մնալու վաուչերները վաճառվում են արդարադատության նախարարության կայքում։ Կալանքի տակ գտնվող մեղադրյալները, որոնց դատավարությունը դեռ ընթացքի մեջ է, մինչև դատավճիռը կարող են մնալ այսպիսի համարներում, եթե իհարկե օրը 73 դոլար վճարելու հնարավորություն ունեն։
Օրինակի համար՝ Հայաստանում, որտեղ մի շարք կոռուպցիոն գործեր են քննվում, ամբաստանյալները պիտի որ նման գումար վճարելու հնարավորություն ունենան, քանի որ պետությանը պատճառված վնասի բավականին մեծ գումարներ են վերադարձնում, մեծ չափի գրավ են մուծում։
Բայց լյուքս բանտախցերի գաղափարը ծագել է Ուկրաինայում։ Ինչու՝ պարզաբանում է արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան. - «Ժամանակավոր պահման մեկուսարանի բանտախցերի մեծ մասը շատ վատ վիճակում է։ Դրանք չեն համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին և ընդհանապես եվրոպական չափանիշներին։ Համապատասխանաբար, մեզ լրացուցիչ գումարներ են պետք բանտախցերը վերանորոգելու համար։ Սովորաբար գումարը հատկացվում է պետբյուջեից, բայց, ցավոք, բյուջեի միջոցները չեն բավարարում նույնիսկ ուսուցիչների ու բժիշկների արժանապատիվ աշխատավարձերի, ինչպես նաև թոշակների համար»։
Լյուքս բանտախցերի օրավարձի գումարներն օգտագործվելու են ոչ միայն ժամանակավոր պահման մեկուսարանի, այլև արդեն դատապարտված բանտարկյալների խցերը վերանորոգելու համար։
Անցած շաբաթ վաճառքի հանված չորս վաուչերները մի քանի ժամվա ընթացքում գնվել են։
Արդարադատության նախարարը ենթադրել է, որ լյուքս բատախցերում մնալու վաուչերները կարող են հետաքրքրել ոչ միայն ամբաստանյալներին, այլև դրանք կարելի է որպես կատակ-նվեր գնել նախկին ու գործող պաշտոնյաների, չինովնիկների ու գործարարների համար, ակնարկելով, որ անհրաժեշտ է օրինապահ լինել։
Դենիս Մալյուսկան ասել է, որ նախարարությունը հնարավոր է թողարկի նաև տոնական վաուչերներ բանտում գիշերել ցանկացողների համար, իհարկե՝ ապահովելով հյուրերի անվտանգությունը։
Ուկրաինայում բոլորը չէ, որ ողջունում են լյուքս բանտախցեր ստեղծելու գաղափարը։ Amnesty International Ukraine կազմակերպության ղեկավար Օկսանա Պոկալչուկը հայտարարել է, թե արդարադատությունը չպետք է կոմերցիոն լինի։ «Իշխանությունները պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները բոլորի և յուրաքանչյուրի համար, անկախ նրանից՝ մարդն ի վիճակի է վճարել նման ծառայության համար, թե ոչ», - Reuters լրատվական գործակալության հետ զրույցում ասել է իրավապաշտպանը։
Արդարադատության նախարարը քննադատությունը չի ընդունել՝ նշելով, թե դա նույնն է, որ ասես՝ բոլոր կալանավորները պետք է պահվեն վատ պայմաններում, առանց հնարավորություն ընձեռելու նրանցից ոմանց բարելավելու պայմանները։
Միացյալ Նահանգերի 2019 թվականի զեկույցում նշված էր, որ Ուկրաինայի մեկուսարաններում պայմանները վատն են և երբեմն լուրջ սպառնալիք են հանդիսանում կալանավորների կյանքի ու առողջության համար։