Մատչելիության հղումներ

Արցախի նոր պարետ է նշանակվել տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, որով դադարեցվել են Գրիգորի Մարտիրոսյանի՝ որպես պարետի լիազորությունները և Լեռնային Ղարաբաղի պարետ է նշանակվել տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվությունը վարչությունը տեղեկացնում է, որ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պարետի փոփոխության որոշումը պայմանավորված է հատկապես այն հանգամանքով, որ առաջիկայում Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունն առաջադրելու է Գրիգորի Մարտիրոսյանի թեկնածությունը Արցախի Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում:

Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Մարտիրոսյանին համավարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացրած գերազանց աշխատանքի համար: Միաժամանակ նա նշել է, որ Ժիրայր Միրզոյանի նշանակումը պարետի պաշտոնում պատահական չէ. նա ղեկավարում է մի կառույց, որը մշակում և համակարգում է տարածքային կառավարման քաղաքականությունը և հսկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը:

Արցախի նախագահը հանձնարարել է խստացնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի գործող կանոնները, մասնավորապես՝ խիստ վերահսկողություն սահմանել հանրային տրանսպորտի, առևտրի, սննդի և կենցաղային սպասարկման օբյեկտներում հակահամաճարակային նորմերի պահպանման նկատմամբ: Առաջիկայում պարետի որոշումներով մի շարք նոր սահմանափակումներ կլինեն նաև սգո արարողությունների և հարսանյաց հանդիսությունների կազմակերպման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG