Մատչելիության հղումներ

Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկել է «Թատրոն թանգարանում» ծրագիրը


Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդայան
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդայան

Համավարակի պատճառով արդեն մի քանի ամիս է փակ են մշակութային հաստատությունները, այդ թվում` գրադարաններն ու թանգարանները, որոնց մեծ մասը, այդուհանդերձ, բազմաթիվ ուշագրավ հեռավար ծրագրեր է իրականացնում:

Վերջերս Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը պարետատուն է ներկայացրել գրադարանների և թանգարանների վերաբացման մոդելային լուծումներ:

Իսկ քանի դեռ չեն գտնվել այդ լուծումները, մշակութային հաստատությունները ձեռքները ծալած չեն նստում: Օրինակ, երկու օր առաջ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում մեկնարկեց «Թատրոն թանգարանում» ծրագիրը, որի շրջանակներում ներկայացվեց Վաչե Արծրունու «Մեր թաղի մարդիկ» պիեսը: Ուշագրավ է ներկայացման ձևաչափը`հեռուստաթատրոն + կինո համադրությամբ: Ծրագրի ղեկավարը Անի Երեմյանն է, բեմադրող ռեժիսորը` Ռուզաննա Պետրոսյանը:

«Ազատության» հետ զրույցում Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասաց, որ ծրագիրն իր նախապատմությունն ունի. – «Երկու ամիս առաջ մենք մի ֆիլմաշար նկարահանեցինք և ցուցադրեցինք թանգարանի էջով: Տիկնիկների միջոցով այդ առաջին ֆիլմաշարը ներկայացրեց Կոմիտասին, Թումանյանին, Ակսել Բակունցին: Մոտ 40 րոպեանոց շատ ճաշակով արված ֆիլմեր էին, հասցեատերը հիմնականում մանուկներն ու պատանիներն էին: Շատ ջերմ ընդունելություն ունեցավ: Դա էլ հիմք հանդիսացավ, որ այս վերջին ներկայացմանը մենք արդեն ներգրավեցինք Թատրոնի և կինոյի ինստիտուտի բարձր կուրսերի ուսանողների և շրջանավարտների: Արդյունքը փայլուն էր պարզապես: Այստեղ փորձեցինք մի քանի հարց լուծել. և' բարձրարվեստ, բարձրաճաշակ ներկայացում, և' ընտրեցինք արևմտահայ, սփյուռքահայ հեղինակի, որպեսզի մատչելի կերպով հնչի նաև արևմտահայերենը: Այս վերջին ներկայացումը նաև տարածվեց նախարարության էջով: Եվ այդ տասնյակ հազարավոր դիտումները, հիացական գնահատականները հիմք հանդիսացան, որ ընթացքում մշակենք ևս երկու նմանատիպ ֆիլմաշար: Առաջինը վեց ֆիլմերից պետք է բաղկացած լինի, ամեն ֆիլմը ներկայացնելու է մեր համբավավոր աշուղներից մեկին, ժողովրդական երգիչ-երգահաններից մեկին` Սայաթ-Նովի, Ջիվանի, Շերամ, Շահեն... վեց ֆիլմ` համապատասխան կատարումներով, կենսագրական տվյալներով, նրանց թողած ազդեցությամբ մեր արվեստի ու գրականության վրա: Հաջորդը դարձյալ 5-6 ֆիլմերից բաղկացած շարք է լինելու, դրանցից յուրաքանչյուրը կներկայացնի արվեստի որևէ ճյուղ` երաժշտություն, թատրոն, կինո... Այնպես որ, օգոստոսի վերջերից մենք ձեռնամուխ կլինենք այս նոր խորագրերի իրականացմանը»:

«Ազատություն». – Եվ այդ ամենը ձեր հավաքածուի հիման վրա՞:

Վարդանյան. – Հիմնականում այո: Քանի որ եթե մենք ֆիլմ ենք պատրաստում Սայաթ-Նովայի մասին, տեսանելի բաները, նկատի ունեմ երգարանը, դավթարը և նրան վերագրվող քամանչան, մեկ-երկու ձեռագիր, հիմնականում այն, ինչ պահպանվել է, պահպանվում են մեր թանգարանում:

«Ազատություն». – Իսկ ովքե՞ր են այդ ֆիլմերի հեղինակները:

Վարդանյան. – Մենք համագործակցում ենք երիտասարդների հետ հիմնականում: Բարեբախտաբար, ժողովրդական երգարվեստում, երաժշտարվեստում էլ շատ ու շատ երիտասարդներ կան, և նրանց ուժերն ենք հիմնականում օգտագործում: Իհարկե, ծրագիրը, սցենարը, մեթոդական ցուցումները, խորհրդատվությունը մենք ինքներս ենք իրականացնում: Բայց նկարահանումներին ներգրավվում են հիմնականում երիտասարդ մասնագետներ, քանի որ նրանց մեկնաբանությունը ավելի թարմ է ու ավելի մատչելի երիտասարդ սերնդին:

Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկել է «Թատրոն թանգարանում» ծրագիրը
please wait

No media source currently available

0:00 0:04:50 0:00
Ուղիղ հղում


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG