Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ. Հակառակորդի դիպուկահարի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել


Հուլիսի 27-ին, ժամը 1:10-ի սահմաններում, Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

«Պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեն, իր հերթին, հայտնում է, որ պայմանագրային զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է կոկորդի շրջանում, մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին:

Դեպքի առթիվ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով՝ «սպանություն՝ կապված անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով», հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG