«Եթե Բելառուսում հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցները խախտում են մեր օրենքները և մարդկանց տարատեսակ մայդանների մասնակցելու կոչեր են հնչեցնում, արտաքսեք դրանց», - այսօր Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ, դիմելով ենթականերին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարի քննադատության թիրախում են հայտնվել մասնավորաբար այն գերատեսչությունները, որոնք թույլատրել են օտարերկրյա լրատվամիջոցներին անարգել կերպով գործել երկրի տարածքում։
«Կառավարությունում, Արտգործնախարարությունում բոլորը նստած սպասում են նախագահի հրահանգին։ Այդ նույն ժամանակ BBC-ն, «Ազատությունը», «Ազատ Եվրոպան» ուղիղ հեռարձակումներ են կազմակերպում։ Դրանք ոչ միայն կողմնակալ են, այդ լրատվամիջոցները զանգվածային անկարգությունների կոչեր են հնչեցնում։ Ինչո՞ւ եք դուք հանդուրժում դա, չէ՞ որ դուք եք նրանց հավատարմագրել [Բելառուսի տարածքում]», - նշել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը այսօր խիստ քննադատության է ենթարկել նաև երկրում գործող ռուսական մի շարք լրատվամիջոցների՝ մասնավորապես «Կոմսոմոլսկայա Պրավդա» պարբերականի բելառուսական տարբերակը։ Լուկաշենկոյի պնդմամբ՝ թերթը կողմնապահորեն է լուսաբանում երկրում մեկնարկած նախընտրական արշավը։