«Գոյություն չունի որևէ միջազգային սահմանափակում, որի հիման վրա Սերբիան կարող է հրաժարվել զենք վաճառել Հայաստանին», - նախօրեին, մեկնաբանելով Բաքվից հնչող մեղադրանքները, նման հայտարարությամբ է հանդես եկել Սերբիայի առևտրի նախարար Ռասիմ Լյալիչը։
Պատասխանելով սերբական լրատվամիջոցների հարցերին՝ նախարարը հաստատել է, որ երկրի տարածքում գործող մասնավոր զինագործական ընկերություններից մի քանիսը համագործակցում են Հայաստանի հետ։
«2020 թվականին Հայաստանին զենք են մատակարարել մասնավոր ընկերությունները։ Սերբիայում գործող պետական զինագործական ընկերությունները այդ գործարքներում ներգրավված չեն եղել։ Ես չեմ կարող նշել այդ ընկերությունների անվանումները, սակայն մեր տեղեկություններով Հայաստան են մատակարարվել հիմնականում ինքնաձիգեր և ատրճանակներ։ Դրանց ընդհանուր արժեքը մեկ միլիոն եվրոյից էլ պակաս է եղել։ Այդ սպառազինությունը առաքվել է երկու խմբաքանակով՝ մայիսին և հունիսին», - հայտարարել է սերբ պաշտոնյան՝ հատուկ ընդգծելով, որ Երևանի հետ կնքված գործարքը նախապես արժանացել է Սերբիայի միանգամից հինգ գերատեսչությունների՝ արտաքին գործերի, ներքին գործերի, պաշտպանության և առևտրի նախարարությունների, ինչպես նաև հետախուզական ծառայության հավանությանը։
«Ոչ ԵՄ, ոչ Միացյալ Նահանգները և ոչ էլ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել, ուստի շատ դժվար է մերժել այդ երկրի՝ սպառազինություն գնելու առաջարկները», - նշել է Սերբիայի առևտրի նախարարը։
Սերբական սպառազինության մատակարարումների շուրջ սկանդալը ծագեց Բաքվում գործող Haqqin.az կայքի հուլիսի 19-ի հրապարակումից հետո, որի համաձայն Ադրբեջանի կառավարությունը իբր անհերքելի տեղեկություններ է ստացել, թե Բելգրադը Հայաստանին վերջին ամիսների ընթացքում տարբեր տրամաչափի ականանետային սպառազինություն է վաճառել։ Սերբիայի առևտրի նախարարը սակայն, ինչպես տեսնում ենք, ականների մատակարարման տեղեկությունը շրջանցում է՝ խոսելով միայն Հայաստան առաքված հրազենի մասին։
Նշենք, ի դեպ, որ ադրբեջանական կայքի հրապարակումից հաշված ժամեր անց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն էր կանչվել Բաքվում Սերբիայի դեսպանը Դանիցա Վեինովիչը։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեսպանի հետ զրույցում հայտարարել էր, թե մամուլում հայտնված տեղեկությունները «կասկածի տակ են դնում երկու երկրների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները»։
Haqqin.az-ի այդ հրապարակումը ուղղակի ազդեցություն ունեցավ ոչ միայն Սերբիայի և Ադրբեջանի, այլև Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա։ Ադրբեջանական կայքի հրապարակման համաձայն, սերբական սպառազինությունը Հայաստան էր բերվել Վրաստանի տարածքով։ Նույն օրերին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Ռուսաստանից, Վրաստանի տարածքով «Կամազ» բեռնատարների մի խմբաքանակ էր Հայաստան առաքվել։
«Այդ բեռնատարները նախատեսված էին Համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի՝ «Գրադերի» համար՝ որպես պլատֆորմ օգտագործելու նպատակով», - պնդում էր Haqqin.az-ի հոդվածագիրը։
Ուշագրավ է, ի դեպ, որ հրապարակմանը հետևած առաջին 24 ժամերին վրացական իշխանությունները լուռ էին։
Երկուշաբթի օրը ոչ արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և ոչ էլ պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին չցանկացան անդրադառնալ այս խնդրին՝ թբիլիսցի լրագրողների հարցերը անպատասխան թողնելով։ Փոխարենը վրացական կառավարությունից պարզաբանումներ սկսեցին պահանջել ընդդիմության ներկայացուցիչները։
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժման» ղեկավար անդամներից մեկը՝ Սալոմե Սամադաշվիլին պնդում էր, որ եթե ադրբեջանական կայքի հրապարակումները համապատասխանում են իրականությանը, ապա դա նշանակում է, որ Վրաստանի կառավարությունը նպաստել է տարածաշրջանային լարվածության աճին։
«Մենք գիտենք, որ տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ռուսաստանի քաղաքականությունը մասամբ հիմնված է նաև Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելու վրա։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա մեր երկիրը միջազգային պարտավորություններ է ստանձնել, որոնց համաձայն զենքի տարանցիկ փոխադրումները մեր տարածքով արգելվում են», - հայտարարում էր Սամադաշվիլին։
Միայն ընդդիմության հնչեցրած կոշտ գնահատականներից հետո էր, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հարկ համարեց հանդես գալ հատուկ հայտարարությամբ՝ կտրականապես հերքելով ադրբեջանական մամուլում տեղ գտած մեղադրանքները։
«Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ապատեղեկատվական բնույթի մի հրապարակում է տարածել, որտեղ բազմաթիվ անճշտություններ կան։ Ցավալի է, որ իբր լուրջ համբավ ունեցող ադրբեջանական ինտերնետ լրատվամիջոցը կողմնապահ ձևով է ներկայացնում փաստերը, մոլորության մեջ է գցում հանրությանը և փորձում է սևացնել վրաց-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունն ու բարեկամությունը», - նշված էր Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։
«Այս հրապարակումը տենդենցիոզ բնույթ ունի և ուղղված է ռազմավարական գործընկեր հանդիսացող երկու պետությունների միջև արհեստական խնդիրների ստեղծմանը», - նշում էին Վրաստանի դիվանագիտական գերատեսչությունում։