Նախ Գնահատման և թեստավորման կենտրոնի, ապա Ազգային ժողովի շենքերի մոտ այսօր հավաքվել էին ընդունելության քննություններում դրական նիշը հաղթահարած, նույնիսկ 15-ից բարձր գնահատականներ վաստակած, բայց բուհերից դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողները՝ բոլորն անտրամադիր:
«7-երով, 8-երով նստել են, 14, 15, 16, 17 ստացած երեխաները դուրս են մնում համալսարանից», - ասաց հավաքվածներից մեկը:
Բերդավան-Երևան 200 կիլոմետրանոց ճանապարհը չի անցել ու բողոքելու չի եկել Տավուշի մարզի Բերդավան գյուղի մեդալակիր շրջանավարտը։ Նելլի Ազատյանը ոչ մի տեղ չի ընդունվել 18.75 բալով:
«Պատմությունը ստացել եմ 18.75, բայց իրավագիտությունից դուրս եմ մնացել, մնացած տեղերում էլ թափուր տեղ չկար, ընդհանուր՝ ոչ մի տեղ չեմ ընդունվել: 12 տարիներին գերազանցիկ եմ եղել, դպրոցն ավարտել եմ ոսկե մեդալով», - ասաց Ազատյանը:
Ընդ որում, պարապել է ինքնուրույն, առանց որևէ կրկնուսույցի, վստահ է՝ իր 18.75 բարձր գնահատականն ավելի բարձր կլիներ, եթե իր բողոքարկմանն ընթացք տրվեր:
«Մեր դպրոցի գիրքը ուղեցույցին չէր համապատասխանում, փաստորեն, ես վերջում իմացա, այսինքն՝ մեր դպրոցը չուներ համապատասխան գիրքը», - նշեց դիմորդը:
Երբ զրուցում էինք, գյուղապետարանում էր՝ թղթեր է հավաքում կրթության նախարարին դիմելու համար։ Ի դեպ, Նելլին դասարանի միակ ոսկե մեդալակիրն է և նաև միակը 14 հոգանոց դասարանում, որ բուհ չի ընդունվել։
«Նեղված եմ, որովհետև ինձանից շատ քիչ հավաքածներն են ընդունվել», - ասաց Ազատյանը:
Այս մեղմ ասած տարօրինակ իրավիճակի պատճառը, պարզվում է, կառավարության որդեգրած նոր մոտեցումն է: «Արդարացի փոփոխություն է արվել ընդունելության կարգում», - բացատրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, - «գերակա է առաջին հայտը, այսինքն՝ թե դիմորդը առաջին տողով որ մասնագիտությունն է ընտրել»:
«Եթե ես առաջին հայտով իրավագիտություն եմ գրել, նշանակում է՝ ես պետք է մրցեմ իրավագիտության դիմորդների հետ, գրել եք միջազգային հարաբերություններ, պետք է մրցեք միջազգային հարաբերությունների դիմորդների հետ», - ասաց Նասիբյանը:
Ովքեր ուզում են առաջին հայտով քաղաքագետ դառնալ, մրցում են նույն՝ առաջին հայտով քաղաքագետ դառնալ ցանկացողների հետ, եթե թափուր տեղեր առաջանան, նոր երկրորդ ու մնացած մասնագիտությունները նշած հայտատուները կարող են հավակնել այդ տեղին: Նախկին կարգն, ըստ Նասիբյանի, այն չէր:
«Միջազգային հարաբերությունների դիմորդը, որ դուրս է մնում, գնում է արևելագետին է հանում, արևելագետը դուրս է մնում, գնում է պատմաբանին է հանում», - ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրենը:
Կարո Նասիբյանը համաձայն չէ դիմորդների հետ, թե նոր կարգը լավ սովորողներին բուհերից դուրս է թողնում, օրինակ, մի քանի հոգի 7.5 բալով քաղաքագիտության ֆակուլտետ են ընդունվել, որովհետև նշել են առաջին հայտով, նույն ֆակուլտետ չեն ընդունվել այդ մասնագիտությունը 4-րդ տեղում նշած, բայց, օրինակ, 16 բալ ստացածները:
«Հա, ի՞նչ անենք, ժողովուրդ, 7.5-ը դրական միավոր է, այսինքն այդ մարդը կրակն է ընկե՞լ, որ 7.5 է ստացել», - հավելեց նա:
Ծնողները դիմում են կրթական գերատեսչությանը, առաջարկում՝ տեղեր ավելացնել, որպեսզի բարձր բալեր ստացած իրենց զավակները ուսանող դառան: Նրանք շեշտում են՝ նախարարությունը պարտավոր էր իրազեկել այդպիսի փոփոխության մասին՝ իրենք չեն էլ ենթադրել, որ մրցում են միայն առաջին հայտով:
«Ինչի՞ նախօրոք չէին ասում՝ ես էդ 8 բաժինն էլ չնշեի, միանգամից ես իմ իմանալով նենց նշեի, որտեղ որ հաստատ կանցնեի», - ասաց դիմորդներից մեկը:
Ի դեպ, dimord.am կայքում, որ հիմնական աղբյուրն է շրջանավարտների համար, քննություններից առաջ մանրամասն մոտ 8 րոպեանոց հոլովակ էր տեղադրվել: Այստեղ որևէ բառ չկա ընդունելության մրցույթի արմատական փոփոխության մասին մասին:
Կրթական գերատեսչությունից էլ իրազեկում են համարում այն, որ դիմորդը հայտը լրացնելուց առաջ կոնկրետ կոճակ է սեղմում՝ «ծանոթ եմ ընդունելության կարգին», այդտեղ 14-րդ էջի 58-րդ կետում գրված է՝ մրցույթն անցկացվում է դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության գերակայությամբ: