Մատչելիության հղումներ

Զինվորի մայրը կեղծ օգտահաշվից կեղծ նամակներ է ստացել


Վանաձորցի Արմիդան «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում իր զինվոր որդու անունով բացված օգտահաշվից տարօրինակ նամակներ է ստացել, որոնք նրան անասելի անհանգստություն են պատճառել մինչև այն պահը, երբ ճշտել է, որ բացված օգտահաշիվը կեղծ է, կապ չունի իր որդու հետ, և նրա հետ ամեն ինչ լավ է։

«Ես իրա հետ դրանից կես ժամ առաջ խոսացել եմ: Ինքն ասավ` մամ ջան, ամեն ինչ լավ ա, գնում ենք ճաշարան: Կես ժամ չանցած անդնակլասնիկիցէսեմէս էկավ, նայեցի տեսա էրեխու նկարն ա, ու գրել ա` ինչ կա մամ ջան, թանգս: Ես էլ ուրախացա, ասի` բան չկա, ազիզ ջան, էս ոնց ա էղել, որ մտել ես ինտերնետ: Հետո տակին գրեց` էրկու օրա աես ինձ լավ չեմ զգում... եթե սենց գնաց, կամ ինձ ստեղից տարեք, կամ ես ինձ կվնասեմ», - «Ազատությանը» պատմեց կինը:

Արմիդայի քույրն ասում է, որ առաջին պահից իսկ չեն հավատացել, որ իրենց տղան նման բովանդակությամբ նամակ կարող էր գրել։ Նախ, որ ծառայության մեկ տարվա ընթացքում երբեք սոցիալական ցանցերից նամակներ չեն ստացել։ Հետո փորձել են իրենց որդու տվյալներով ներկայացող օգտատիրոջը ճշտող հարցեր տալ, բայց դարձյալ անհանգստությունները խորացնող պատասխաններ են ստացել։

Անհանգստությունները փարատվել են միայն զինվորի հետ հեռախոսակապ ունենալուց հետո։ Հորդորել է չտրվել ինտերնետային սադրանքներին. – «Էրեխեն հետո, որ հասանելի էր դառել, զանգել էր, որ մամ ջան, ի՞նչ ա էղել: Ասի` ազիզ ջան դու էսօր անդնակլասնիկի մտե՞լ ես: Էրեխեն վրես նեղվեց, թե` դու չգիտես, որ ես ինտերնետով հեռախոս չունեմ, ինչ բանակ եմ գնացել, ես ինտերնետ չեմ մտնում»:

Նամակից հետո, գիշերվանից արդեն Արմիդան արտասահմանյան հեռախոսային կոդերով զանգեր է ստացել։ Ասում է՝ զանգերին պատասխանելու դեպքում հեռախոսակապն ընդհատվում էր։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը համոզմունք ունի, որ սա հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններին զուգահեռ հակառակորդի կողմից իրականացվող հերթական հաքերային հարձակում կարող է լինել, որոնք նպատակ ունեն խուճապ առաջացնել Հայաստանում։ Նա նշում է, որ ադրբեջանական կողմը դեռ 2017 թվականից է ակտիվորեն օգտագործում սոցիալական ցանցերի հայաստանյան կոտրած կամ կեղծ օգտահաշիվները թե՛ հանրային ապատեղեկատվություն տարածելու, և թե՛ տեղեկություն կորզելու նպատակով։

Ընդ որում, շատ հաճախ հենց զինծառայողներին են թիրախավորում այս գործողությունների ժամանակ. - «Հաշվի առնենք, որ վերջին երկու տարվա մեջ մի քանի տասնյակ հազար հայաստանյան հաշիվ են կոտրել: Ցավոք սրտի, մարդիկ անփութորեն են վերաբերվում էլեկտրոնային փոստի պաշտպանությանը, ֆեյսբուքյան հաշվիների... ըստ այդմ ադրբեջանցիներին հաջողվում է դրանք օգտագործել: Մի տարբերակ էլ կա, երբ որ հաշվի կլոնն ա ստեղծվում, այսինքն` նույն մարդուն նմանակում են: Սա մենակ ադրբեջանցիք չեն օգտագործում: Օրինակ, գումար շորթողները նույնպես ինչ-որ բարեկամների անունից նամակներ են գրում և այլն»:

Տեղեկատվական անվտանգության փորձագետը սա լրջագույն խնդիր է համարում ու կարևորում է իրազեկել մարդկանց՝ ինչպես պաշտպանել օգտահաշիվները սոցցանցերում հետագայում է'լ ավելի մեծ հետևանքներից խուսափելու համար. - «Պետք է հաշվի առնենք, որ նմանատիպ խաբեություններն անընդհատ փոխվում են: Այսինքն` մենք հիմա մի տարբերակի մասին ենք խոսում, վաղը մեկ ուրիշ բան կլինի: Դրա համար պետք է հիմնովին էս հարցը լուծել` մարդկանց կրթելով ու նաև ստեղծելով ինչ-որ թեժ գծեր, որտեղ կարելի է դիմել և հայտնել նման դեպքերի մասին»:

Օրերս հակառակորդի կողմից հաքերային հարձակումների մասին հաղորդագրություն էր տարածել նաև Պաշտպանության նախարարությունը` զգուշացնելով, որ թիրախում են հայտնվել ինչպես հայաստանյան լրատվական ու պաշտոնական կայքեր, այնպես էլ սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտահաշիվներ։

Հայտնի է, որ հայկական կողմը ևս հակահարված է տալիս՝ բանկոմատների խափանումից մինչև ադրբեջանցիների անձնական տվյալների տնօրինում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG