Մատչելիության հղումներ

Սունդուկյանի անվան թատրոնը պատրաստում է բացօթյա ներկայացում


Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյան
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյան

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն այս ողջ ընթացքում, ինչպես և այլ թատրոններ, առցանց տիրույթում է հանդես եկել, բայց, ինչպես նշում էր այսօր մեր զրույցի ընթացքում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, թատերախումբը մեծապես կարիք ունի նախկինի պես հանդիսատեսի հետ ամենօրյա, կենդանի շփման, առանց որի թատրոնի իմաստն է կորչում:

Սակայն անգամ այս պայմաններում թատրոնի ղեկավարությունըմի ձեռնարկել է մի շատ ուշագրավ ծրագիր, որը, տնօրենի կարծիքով, անտարբեր չի թողնի թատերասերներին. – «Մենք ճգնաժամային այս կառավարման ընթացքում մտածեցինք մի շատ հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես գալ: Իսկապես մեծ նախաձեռնություն է սա, որն իրենից ենթադրում է հետևյալը: Մեր թատրոնի հիմնադիրներ Լևոն Քալանթարի, որը նաև առաջին գեղարվեստական ղեկավարն է եղել, Վահրամ Փափազյանի, Վաղարշ Վաղարշյանի, այսինքն` այն մարդկանց, ովքեր եղել են թատրոնի հիմքում կանգնած, նրանք թողել են նաև գրական ժառանգություն, գրական հետք: Մենք որոշեցինք այս գրական ժառանգությունը ընթերցումների վերածել շատ հետաքրքիր ձևաչափով, և մեր դերասանները դրանք պետք է կարդան: Զուգահեռաբար համագործակցության ծրագիր սկսեցինք Երևանի տարբեր թանգարանների հետ. նրանք մեզ տրամադրում են նյութեր` նամակներ, հուշապատումներ, ստեղծագործություններ, դրանք նույնպես մեր դերասանները կարդում են: Եվ առաջիկայում` հուլիսի 27-ից սկսած ամեն օր Սունդուկյան թատրոնի ֆեյսբուքյան էջում պետք է գնա նոր նյութ: Թանգարանի նյութերը կոչվում է «Թատերական ընթերցումներ», իսկ մեր թատրոնի հիմնադիրների նրանց ստեղծագործությունները կոչվում են «Արվեստի քառուղիներում»:

«Ազատություն». - Կա՞ն ծրագրեր թեկուզ թատրոնի տարածքը շրջապատող պուրակում բացօթյա բեմադրություններ կազմակերպելու...

Մկրտչյան. – Մենք արդեն սկսել ենք, և վաղվանից, կամ ամենաուշը մյուս օրվանից կսկսվեն նաև փորձերը`պահելով պարետատան բոլոր ցուցումները: Մենք, այո, նախաձեռնում ենք բացօթյա ներկայացում, որը ամենայն հավանականությամբ սեպտեմբերին կներկայացնենք մեր հանդիսատեսին: Կունենանք մոտ մեկ ժամանոց շատ հետաքրքիր ներկայացում: Չակերտները չեմ ուզում բացել, մի քիչ ինտրիգը պահենք:

«Ազատություն». – Արդյո՞ք կա նաև թատրոնի աշխատանքը վերսկսելու հնարավորություն: Այդ մասին, կարծես թե, ԿԳՄՍ նախարարությունը օրերս հայտարարություն էր տարածել, որ պարետատան հետ ընթանում են բանակցություններ, ներկայացրել են որոշակի ծրագրեր:

Մկրտչյան. – Այո, դա այդպես է: Փոխնարար Արա Խզմալյանի հետ մենք շատ ակտիվորեն աշխատել ենք այս ժամանակաընթացքում թե' ընդլայնված թատրոնների տնօրենների հավաքի միջոցով, որի ընթացքում առաջարկություններ հնչեցին, և դրանց մի մասը իրականացվեց, թե' նաև, ինչպես գիտեք, մենք ունենք տնօրենների խորհուրդ, որով շատ ակտիվ, շատ ինտենսիվ աշխատանքներ ենք տարել: Բոլորովին վերջերս մենք խորհրդի նեղ կազմով հանդիպում ունեցանք Առողջապահության փոխնախարարի հետ և քննարկեցինք վերաբացման գնալու փուլային եղանակը: Պարետատան հետ նույնպես անընդհատ աշխատանք տարվում է պարոն Խզմալյանի միջոցով: Մենք պարետատանը ներկայացրել էինք մեր առաջարկները և մի քանի օր առաջ ստացանք առաջարկ-նամակ: Առաջին փուլը ենթադրում է փորձերի վերսկսումը, երկրորդ փուլը բացօթյա ներկայացումների իրականացումն է, և երրորդ փուլը նոր արդեն փակ տարածքներում իրականացումը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․

Սունդուկյանի անվան թատրոնը պատրաստում է բացօթյա ներկայացում
please wait

No media source currently available

0:00 0:05:27 0:00
Ուղիղ հղում


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG