ԱՄՆ վարակակիրների և զոհերի թվով առաջին տեղում է
Աշխարհում նոր կորոնավիրուսով ախտահարումների թիվը գերազանցել է 13 միլիոն 590 հազարը։
Հիվանդությունից մահացել է ավելի քան 583 հազար մարդ։ Առաջին անգամ անցած տարվա դեկտեմբերին Չինաստանում արձանագրված վարակն այժմ կա ավելի քան 210 երկրներում և տարածքներում։ Մոտ 8 միլիոն 170 հազար հիվանդ ապաքինվել է։
Ախտահարումների և մահվան դեպքերի վիճակագրությամբ առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Միացյալ Նահանգները, որտեղ, ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի հրապարակած ամփոփագրի, նոր կորոնավիրուսով վարակվել է շուրջ 3 միլիոն 345 հազար մարդ, մահացել է ավելի քան 137 հազար հիվանդ։ Անցած 24 ժամում Նահանգներում արձանագրվել է վարակի ավելի քան 71 հազար նոր դեպք։
ԱՄՆ-ին հաջորդում է Բրազիլիան՝ շուրջ 1 միլիոն 885 հազար դեպք և գրեթե 73 հազար մահ։
Ֆլորիդայի հիվանդանոցները ծանր սթրեսի տակ են
Ֆլորիդայի ավելի քան 50 հիվանդանոցների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում արդեն չկան ազատ տեղեր, իսկ ևս 40 հիվանդանոցներում այդ բաժանմունքներում ազատ է մնացել տեղերի ընդամենը 10 տոկոսը։
«Կարողությունները բուն մահճակալների թվի առումով հուսալի են, խնդիրն աշխատողների պակասն է, բայց շատ շուտով մենք վերաբաշխումներ կանենք և դժվարություն ունեցող հիվանդանոցներ կգործուղենք լրացուցիչ ավելի քան հազար աշխատող, մենք թիվը կարող ենք նույնիսկ երեք հազարի հացնել», - ասել է նահանգապետ Ռոն Դեսանտիսը։
Վարակվել է դիմակը հազվադեպ կրող Օկլահոմայի նահանգապետը
Օկլահոմայում էլ նահանգապետն է վարակվել, բնակիչներին հասցեագրած տեսաուղերձում հենց ինքն է հայտնել այդ մասին։
«Երեկ ես ստուգվել եմ, պատասխանը դրական է», - ասել է Քևին Ստիթը։ Նահանգապետի փոխանցմամբ, ինքը նախօրեին աննշան ցավեր ուներ, բայց հիմնականում իրեն լավ է զգում։
Նա ասել է նաև, թե մինչ այդ չի ունեցել կորոնավիրուսին բնորոշ որևէ ախտանշան, և հենց դա հաշվի առնելով է նահանգի բնակիչներին հորդորում հնարավորության դեպքում ստուգման ենթարկվել։
«Օկհալոմացիներ, եթե ձեզ լավ չեք զգում, ստուգվե՛ք», - սա է նահանգապետի խորհուրդը։
Ի դեպ, Ստիթը օկլահոմացիներին կոչ է անում դիմակ կրել, բայց ինքն անձամբ հազվադեպ է դա անում, հունիսին նա ասել էր, որ դիմակ կրելը նահանգում պարտադիր չի դարձնի։
«Չեմ ուզում հասնենք այն օրվան, որ սկսենք մեկս մյուսին ամոթանք տալ դիմակ չկրելու համար։ Մարդիկ կարող են բացատրել, թե ինչու չեն ուզում կամ չեն կարող դիմակ կրել», - ասել էր Ստիթը։
«Եթե բոլորս դիմակ կրեինք...»
Մինչդեռ, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնների միավորման նախագահ դոկտոր Ռոբերտ Ռեդֆիլդի փոխանցմամբ, դիմակը վճռական նշանակություն ունի կորոնավիրուսի դեմ պայքարում։
«Եթե մենք անեինք մեկ բան, ընդամենը մեկ բան՝ որոշեինք մյուս 4, 6, 8 շաբաթների ընթացքում դիմակ կրել, բոլորս, այս համավարակը կանգ կառներ, դիմակն իրոք օգնում է», - ասել է դոկտոր Ռեդֆիլդը։
Իսպանիան հարգանքի տուրք է մատուցում վիրուսից մահացածներին
Դե իսկ Եվրոպայում կորոնավիրուսը համարվում է հիմնականում հաղթահարված։
Այսօր Իսպանիան հարգանքի տուրք է մատուցել COVID-19 հիվանդությունից մահացածների հիշատակին։
Իսպանիան կորոնավիրուսից ամենատուժած երկրներից մեկն է Եվրոպայում։ Ավելի քան 28 հազար մարդ է մահացել։
Սգո արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Մադրիդում, Արքայական պալատի մոտ գտնվող Զենքի հրապարակում։
Այստեղ հավաքված մարդիկ՝ թագավոր Ֆելիպեն և նրա ընտանիքը, վարչապետ Պեդրո Սանչեսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, Իսպանիայի երկրամասերի ղեկավարները, նախկին վարչապետերը, բոլորը սև դիմակներով էին։
Իսպանիայում համավարակը հսկողության տակ է, բայց վերջին օրերին երկրի որոշ շրջաններում արձանագրվել են կորոնավիրուսի տեղական բռնկումներ։