Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ. Կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա


Երկրապահների, ազատամարտիկների ու առանձին քաղաքացիների կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունը հազարավոր զանգեր և նամակներ է ստանում անհատ քաղաքացիներից, ինչպես նաև ազատամարտիկների առանձին խմբերից ու կազմակերպություններից՝ կամավորագրվելու և սահմանամերձ շրջաններ մեկնելու խնդրանքով։

Պաշտպանության նախարարությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում մեր քաղաքացիներին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործին աջակցելու պատրաստակամության համար, այդուհանդերձ հայտնում, որ մեր ժողովրդի անկոտրում ու մշտապես պայքարի պատրաստ հայրենասերների այդ կորիզի՝ երկրապահների, ազատամարտիկների ու առանձին քաղաքացիների կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա», - ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակը։

Ստեփանյանը նշել է, որ Հայաստանի զինված ուժերը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները, լիարժեք վերահսկել իրադրությունը սահմանի ողջ երկայնքով՝ արժանի հակահարված հասցնելով հակառակորդին ցանկացած սադրանքի դեպքում։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Երեկ սահմանին հարաբերական անդորր էր, այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց նոր բախումների մասին: Հայկական կողմը հայտնում է, որ զոհեր և վիրավորներ չունի, կորուստներ ունի հակառակորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG