Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքեր


Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է առանձապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերի բացահայտման մասին:

Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Վ. Կ.-ն, ՀՀ տարածքում «MDMB-2201» կրճատ անվամբ թմրամիջոց կրող բուսական զանգվածի՝ թմրամիջոցի իրացման հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ձեռնամուխ է եղել մաքսանենգությամբ՝ նշված թմրամիջոցը կրող խոշոր չափերով բուսական զանգվածի՝ արտերկրից Հայաստան տեղափոխելու կազմակերպմանը և ղեկավարմանը:

Մաքսանենգությունը կազմակերպելու նպատակով նա համացանցի միջոցով ծանոթացել է արտերկրում բնակվող, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, նրան է տրամադրել իր հասցեն և անձնական տվյալները ու պահանջել է փոստային առաքման եղանակով Հայաստան ուղարկել «MDMB-2201» կրճատ անվամբ թմրամիջոց կրող խոշոր չափերով՝ 5,34 գրամ հաստատուն չոր քաշով բուսական մանրացված զանգված՝ թմրամիջոց: Ապա նույն անձի էլեկտրոնային դրամապանակին փոխանցում կատարելու եղանակով վճարել է պահանջած թմրամիջոցի արժեքը, որից հետո էլ այդ անձը թմրամիջոցը միջազգային փոստային առաքանիով ուղարկել է Վ. Կ.-ին:

Վերջինս հուլիսի 8-ին այցելել է փոստային բաժանմունք, ստացել է առաքանին և այդ կերպ փորձել է իրացման նպատակով ձեռք բերել, պահել ու փոխադրել թմրամիջոցը, սակայն չի կարողացել ավարտին հասցնել հանցավոր արարքը, քանի որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը բացահայտվել, և դրանցում ներգրավված անձանց շրջանակը պարզաբանվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից, որի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Վ. Կ.-ն բերման է ենթարկվել:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Վ.Կ-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը խոշոր չափերով), 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը), որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG