Մատչելիության հղումներ

Համաճարակի բռնկումից յոթ ամիս անց կորոնավիրուսը տարածման նոր ռեկորդներ է սահմանում


Անցած 24 ժամում, ըստ պաշտոնական տվյալների, աշխարհում գրանցվել է ավելի քան 230 հազար նոր դեպք: Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 13 միլիոնի:

Ամենամտահոգիչ վիճակում Միացյալ Նահանգներն է, որտեղ անցած շաբաթավերջից ի վեր ամեն օր արձանագրվում է առնվազն 60 հազար դեպք: Ի տարբերություն առաջին ալիքի, որի էպիկենտրոնը Նյու Յորքն էր, այժմ թիրախում են երկրի հարավային նահանգները` Կալիֆորնիան, Ֆլորիդան, Արիզոնան, Լուիզիանան: Ֆլորիդային միայն երեկ վարակակիրների թիվն ավելացել է 15 հազարով, ինչն առանձին նահանգի կտրվածքով մինչև օրս արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի բռնկումից ի վեր:

Մի շարք փորձագետներ այս վիճակագրությունը բնական են համարում` մատնացույց անելով նահանգում ընդլայնվող պայքարը դիմակ կրելու դեմ: Երեկ, օրինակ, մի խումբ ակտիվիստներ փողոց էին դուրս եկել «Չե'նք ենթարկվելու» կարգախոսով: Մեկ այլ խումբ հատուկ ակցիա էր կազմակերպել ռեստորաններից մեկում` անվճար սնունդ խոստանալով բոլոր նրանց, ովքեր կգան առանց դիմակ:

«Կառավարությունն պետք է մեր շահերը պաշտպանի, ոչ թե թելադրի ինչպես ապրենք, կամ ինչպես հետևենք մեր առողջությանը», - ասում է ցուցարարներից մեկը:

Մյուս ճամբարից հակադարձում են, թե կառավարությունն այդ քայլով հենց պաշտպանում է անվտանգ ու ապահով կյանքի իրավունքը: Նրանք վկայակոչում են գիտական վերջին ուսումնասիրությունները, որոնց համաձայն նոր կորոնավիրուսը տարածվում է օդում մնացող մանրագույն մասնիկների միջոցով, և դիմակներն էականորեն կրճատում են տարածման տեմպը: Նախօրեին անգամ նախագահ Թրափմն էր դիմակ դրել, ինչից հրաժարվում էր ամիսներ շարունակ:

Դիմակ կրելու կարևորությունն ընդգծելու համար հատուկ ասուլիս էր հրավիրել Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի անդամ, Առողջապահության դեպարտամենտի փոխքարտուղար Բղե Ժիղուան` մասնավորապես ասելով. – «Դիմակ կրելը կարևոր դեր ունի վիրուսի տարածման տեմպը կոտրելու հարցում: Եթե ուզում եք քայլ անել համաճարակը կանգնեցնելու համար, դիմակ կրեք: Մեր դիրքորոշումը շատ հստակ է»:

Մտահոգիչ միտումներ են նկատվում նաև Եվրոպայում, հատկապես հարավարևելյան երկրներում: Ռումինիայում երեկ նոր ռեկորդ է արձանագրվել` մեկ օրում մոտ 700 նոր դեպք, ինչից հետո Եվրամիության անդամ մի շարք պետություններ, այդ թվում Ավստրիան, Հունգարիան և Հունաստանը, սահմանափակումներ են մտցրել այդ երկրից ժամանողների համար:

Օր֊օրի ավելանում են դեպքերը նաև Սերբիայում, բժիշկները զգուշացնում են` հիվանդանոցներում ազատ մահճակալ գրեթե չկա:

Բուլղարիայում նոր դեպքերի աճը ստիպել է վերստին փակել գիշերային ակումբներն ու դիսկոտեկները, իսկ Խորվաթիայում այսօրվանից պարտադիր են դարձրել դիմակները հասարակական բոլոր վայրերում:

Այսօրվանից առանց դիմակների անհնար է փողոց դուրս գալ նաև իսպանական հայտնի հանգստավայրերում` Իբիցայում և Մալյորկայում, ավելի վաղ նույն որոշումն էին ընդւոնել նաև Կատալոնիայի տեղական իշխանությունները:

«Կարծում եմ, դա տրամաբանական է` հաշվի առնելով նոր դեպքերի աճը։ Որովհետև, երբ քայլում ես մեր նեղ փողոցներով, չես կարող վստահ լինել, որ պահպանում ես մեկուկես մետր կամ երկու մետր հեռավորություն»:

Նախկին Խորհրդային Միության տարածքում վարակակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Ավելի քան երկու շաբաթ է երկրում օրական դեպքերը վեց հազարից չեն ավելանում, բայց և չեն նվազում: Փակ սահմանների ու չեղարկված չվերթների պատճառով շատերն են փորձում հանգիստը տանը կազմակերպել:

«Այս տարի հաստատ երկրից դուրս չենք գա, որքան հասկանում եմ, եվրոպացիները չեն ուզում տեսնել ամերիկացիներին ու ռուսներին` կորոնավիրուսի հարցում մեր վիճակագրության պատճառով: Նրանք մեր վիճակագրությանը չեն հավատում»:

Է՛լ ավելի մեծ կասկածներ է հարուցում Թուրքմենստանի վիճակագրությունը, որտեղ, ըստ պաշտոնյաների, մինչև օրս կորոնավիրուսի որևէ դեպք չի եղել ու հիմա էլ չկա: Այս պնդումը չի փոխվել նույնիսկ երեկ, երբ Առողջապահության նախարարությունը հայտարարել է, թե այսուհետ անհրաժեշտ է հասարակական վայրերում դիմակ կրել ու առնվազն մեկ մետր հեռավորություն պահպանել: Պաշտոնյաները պնդում են, թե Թուրքմենստանի դեպքում պատճառը ոչ թե համավարակն է, այլ հարավից ու հյուսիսից ներթափանցած օդի աղտոտվածությունը:

«Վերջին օրերին Աշխաբադում և հարակից շրջաններում ուսումնասիրությունները ցույց տվեցին փոշու նորմայից բարձր առկայություն, ինչը կարող է վտանգավոր լինել մեր քաղաքացիների, առաջին հերթին` շնչառական համակարգի համար», - պարզաբանել է Առողջապահության նախարարությունը:

Անկախ լրատվամիջոցներն ու փորձագետները, մինչդեռ, պարբերաբար հաղորդում են երկրում Covid-19-ին բնորոշ ախտանշաններով ու թոքաբորբով հոսպիտալացված հարյուրավոր մարդկանց մասին:

XS
SM
MD
LG