Կոսովոն և Սերբիան համաձայնել են վերսկսել հարաբերությունների բարելավման շուրջ բանակցությունները:
Համաձայնությունը ձեռք է բերվել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջնորդությամբ ու մասնակցությամբ հեռուստակապով կազմակերպված քննարկումների արդյունքում:
Վերլուծաբանները կասկածի տակ են առնում վերսկսվելիք բանակցությունների հնարավոր արդյունավետությունը, քանի որ տեսակոնֆերանսից հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ավդուլա Հոտիի հնչեցրած մեկնաբանությունները վկայում են առանցքային հարցերի շուրջ կողմերի միանշանակ իրարամերժ դիրքորոշումների մասին:
«Բանակցությունները երկու կողմերից էլ կպահանջեն քաղաքական կամք: Երբեք հեշտ չէ գտնել երկարատև և ցավոտ հիմնախնդիրների լուծումներ»,- ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նախնական պայմանավորվածության համաձայն, Սերբիայի նախագահի և Կոսովոյի վարչապետի դեմ առ դեմ հանդիպումը կարող է տեղի ունենալ հուլիսի 16-ին, սակայն բանակցությունների տեղը և ժամկետը դեռ վերջնականապես հաստատված չեն: