Մատչելիության հղումներ

«Յուքոմ»-ի անձնակազմը փուլ առ փուլ վերականգնում է ցանցի աշխատանքը


«Յուքոմ» ընկերության մարքետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյան
«Յուքոմ» ընկերության մարքետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյան

«Յուքոմ» ընկերության շարժական և ֆիքսված ցանցերի աշխատանքը այս ընթացքում ապահովվում է պահուստային գեներատորների գործարկման շնորհիվ, իսկ տեխնիկական անձնակազմը շարունակում է փուլ առ փուլ վերականգնել ցանցի աշխատանքը։

Երեկ երեկոյան ավելի քան 2 ժամ «Յուքոմ» ընկերության ծառայությունները անհասանելի էին։ Անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով խափանումներ ունեցան նաև մյուս օպերատորները, արդյունքում Հայաստանի բնակչության զգալի հատվածը տևական ժամանակ և' ինտերնետի, և' հեռախոսակապի խնդիր ուներ:

«Քանի որ խնդիրը կապված էր մեր հիմնական, գլխավոր սարքավորման հետ, հետևաբար ամբողջ Հայաստանում մեկ բոլորը ունեին խնդիր: Ընդհանրապես վերջին չորս ամիսը, ինչպես ամբողջ հանրապետությունում, մենք էլ գերծանրաբեռնված ենք, հատկապես պանդեմիայի պայմաններում: Վերլուծվում են տվյալները, պետք է մանրամասն ուսումնասիրենք: Բայց խնդիրը տեխնիկական է, հոսանքի հետ է կապված եղել և միաժամանակ մի քանի հետխնդիրներ է առաջացրել», - «Ազատությանն» ասաց ընկերության մարքետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Այս տարվա ապրիլին խնդիրներ էին առաջացել «Յուքոմ»-ի բաժնետերերի միջև: Նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն նշանակվել էր Արա Խաչատրյանը, իսկ հիմնադիրները՝ Եսայան եղբայրները լքել էին ընկերությունը։

Մամուլի հրապարակումների համաձայն, մեծ թվով մասնագետներ դիմումներ էին գրել ու հեռացել Եսայան եղբայրների հետ:

Ընկերությունից փոխանցում են, որ դա խնդիր առաջացնել չէր կարող, որովհետև թիմը համալրվել է նոր մասնագետներով. – «Դեռ մեկ ամիս առաջ մենք արդեն հայտարարել ենք, որ էդ խնդիրը լուծված է, թիմը համալրվել է ամենաբարձր մակարդակի և արհեստավարժ մասնագետներով»:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, քանի որ Հայաստանում գործում են մի քանի օպերատորներ, ներքին շուկան այս առումով բավականաին պաշտպանված կարելի է համարել: Մարտիրոսյանի կարծիքով, ոլորտում խնդիրները ավելի շատ պայմանավորված է արտաքին սահմաններով. – «Եթե նայենք մեր ընդհատումները, հիմնականում դրանք ոչ թե ներքին պրոբլեմների հետ կապ ունեն, այլ մեր մալուխների վրա ազդեցությունը Հայաստանից դուրս: Հիմնականում Վրաստանում ա լինում. ինչ-որ մեկը կարտոֆիլ ա փորում, մի հատ տատիկ, եթե հիշում եք, պղինձ էր ման գալիս: Էդ տեսանկյունից մենք, որպես երկիր, մտնում ենք խոցելիների ցանկի մեջ»:

Մարտիրոսյանն էական է համարում նաև, որ հանրային կարևորություն ունեցող ընկերությունների ռիսկերի կառավարումը պետական մակարդակով վերահսկվի: Ասում է, որ նաև օրենսդրական փոփոխությունների կարիք կա. – «Հասունացել է, որպեսզի Հայաստանում օրենք ընդունվի կրիտիկական ենթակառուցվածքների մասին, և երկիրը մի քիչ ավելի լայն դիտարկի անվտանգության խնդիրները»:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը երեկ հետևել է ընկերության վերկանգնման աշխատանքերին և տեղի ունեցածը որակում է բացառապես տեխնիկական խնդիր, որից որևէ ընկերություն ապահովագրված չէ:

Ինչ վերաբերում է կառավարության հետևություններին, փոխնախարարն ասաց. – «Հետագայում կվերլուծենք, կհասկանանք և իրավիճակից կախված որոշակի գուցե օրենսդրական փոփոխություններ կառաջարկենք: Ուղղակի կուզենայի նշել այն հանգամանքը, որ իմ երեկվա էնտեղ գնալը, մասնակցելը և օպերատիվ կերպով խնդիրներին ծանոթանալը միևնույն ժամանակ նաև պետության կողմից խնդրին օպերատիվ լուծում տալու հանգամանք էր»:

XS
SM
MD
LG