Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել Խաբարովսկի երկարամասի նահանգապետի այսօրվա ձերբակալությունը: Դմիտրի Պեսկովը միայն ասել է որ դեռ վաղ է խոսել Ֆուրգալի մասին որպես հանցագործի։ Այս պահին նահանգապետին հարցաքննում են Ռուսաստանի Քննչական կոմիտեում։
Այսօր առավոտյան Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Սերգեյ Ֆուրգալին: Նա ձերբակալվել է իր բնակարանի մուտքի մոտ և օդանավով տեղափոխվել Մոսկվա, որտեղ նրան ներկայացվելու է մեղադրանք, և դատարանը որոշելու է նրա խափանման միջոցը։
Ֆուրգալին ձերբակալել են երկու սպանությունների և սպանության մեկ փորձի գործերի շրջանակներում: Թե ինչ մասնակցություն է ունեցել նահանգապետը, դեռ չի հաղորդվում։ Խոսքը 2003 և 2004 թվականներին տեղի ունեցած սպանությունների մասին է։
Ռուսական պետական լրատվական գործակալությունները հայտնում են, որ Ֆուրգալին կարող է ներկայացվել հանցավոր խումբ կազմակերպելու մեղադրանք: Մասնավորապես, «Նովոստի» լրատվական գործակալությունը հայտնում է, որ իրավապահները դուրս են եկել Ֆուրգալի վրա այն բանից հետո, երբ անցած տարվա նոյեմբերին ձերբակալել էին այդ սպանությունները կատարողներին: Հենց նրանք են ցուցմունք տվել նահանգապետի դեմ: Մոսկվայի Բասմաննայա շրջանի դատարանը այսօր ավելի ուշ կամ վաղը պետք է որոշի Ֆուրգալի խափանման միջոցը։
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ֆուրգալը մնում է իր ղեկավարած կուսակցության անդամ, և դժգոհություն է հայտնել իրավապահների գործողություններից: Խաբարովսկի երկրամասի մամուլի խոսնակ Նադեժդա Տոմչենկոն ֆեյսբուքյան իր էջում գրել է. – «Սերգեյ Ֆուրգալը շատ ազնիվ մարդ է։ Մնում է հուսալ, որ մեղադրանք նրան չի ներկայացվի: Այս ամենը նման է քաղաքական ինչ-որ շոուի»։
Ֆուրգալը կրթությամբ նյարդաբան է, 1990-ականներին և 2000-ականների սկզբին զբաղվել է բիզնեսով: Եղել է Պետդումայի պատգամավոր: Խաբարովսկի երկարամասի նահանգապետ է ընտրվել 2018-ի սեպտեմբերին, հաղթել է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածու Վյաչեսլավ Շպորտին` հավաքելով շուրջ 66 տոկոս:
Տարածաշրջանում Ֆուրգալի մասին խոսում են որպես «ժողովրդական նահանգապետի», ձերբակալությունից հետո սոցցանցերում նրա աջակցության խմբեր են ստեղծվել:
ՌԼԴԿ-ի ներկայացուցիչները իշխանություններին սպառնում են հանրահավաքներ կազմակերպել Ռուսաստանի տարբեր մարզերում։ Ավելին՝ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առավոտյան հայտարարել է, որ իր կուսակցությունը կարող է հրաժարվել պատգամավորական մանդատներից:
Ռուսաստանցի փորձագետները գրում են, որ երկրում բունտ է հասունանում իրավապահ մարմինների դեմ: Մասնավորապես, Արկադի Դուբնովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում այսօր արձանագրել է, որ երեկ պետական դավաճանության համար ձերբակալված Իվան Սաֆրոնովին «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը արդեն երկու օր է հրաժարվում է ազատել աշխատանքից, իսկ համակարգային ընդիմադիր Ժիրինովսկին ոչ միայն հրաժարվում է կուսակցության շարքերից հեռացնել այսօր սպանությունների գործով ձերբակալված նահանգապետին, այլև սպառնում է, որ կուսակցությունը վայր կդնի պատգամավորական մանդատները։
«Իշխանական համակարգի ներսում բո՞ ւնտ է տեղի ունենում ուժայինների դեմ». հարց են հնչեցնում ռուսաստանցի փորձագետները։
Այսօր խուզարկություններ են կատարվել նաև Միխայիլ Խոդորկովսկու կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա» կազմակերպությունում։
Դիտորդները նկատում են, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո իշխանությունները սկսել են ավելի կոշտ գործել: