Ռուսաստանում այսօր առավոտյան ձերբակալվել է Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Սերգեյ Ֆուրգալը։ Նրան ձերբակալել են Քննչական կոմիտեի և Անվտանգության դաշնային ծառայության զինված աշխատակիցները։
Քննչական կոմիտեն գործողությունից հետո հայտարարել է, որ նրան շուտով մեղադրանք է առաջադրվելու գործարարների սպանություններ պատվիրելու և կազմակերպելու համար։
Հարուցված քրեական գործով հետաքննվում է Խաբարովսկի և Ամուրի մարզերում 2004-2005 թվականներին հանցավոր խմբավորման գործողությունները, երբ այդ տարածաշրջանում մի շարք սպանություններ էին կատարվել։
Նախաքննական մարմինը հաղորդում է, որ դիմելու է դատարան 50-ամյա նահանգապետին կալանելու միջնորդությամբ։ Դատարան դիմելու համար նրան տեղափոխելու են Մոսկվա։
Ռուսաստանում 2018-ի աշնանը կայացած ՏԻՄ ընտրություններում լիբերալ դեմոկրատների թեկնածու Սերգեյ Ֆուրգալը մեծ առավելությամբ հաղթել էր իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուին։