Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ 5 տարի ժամկետով երկարաձգվում են Ավստրալիայում սովորող հոնկոնգցի ուսանողների, որակյալ աշխատողների և դիվանագետների վիզաների ժամկետները։
5 տարի անց նրանք մշտական բնակության համար դիմելու իրավունք կունենան, կարող են դիմել ու մնալ Ավստրալիայում։ Այստեղ աշխատանքային կամ ուսանողական վիզաներով մոտավորապես 10 հազար հոնկոնգցիներ կան։
Ավստրալիայի վարչապետը հոնկոնգցիներին ընդառաջ նման քայլ է արել` հաշվի առնելով Հոնկոնգի հանդեպ Պեկինի ուժեղացող ճնշումները։ Չինաստանի խորհրդարանում ազգային անվտանգության օրենքի ընդունումից հետո շատ հոնկոնգցիներ փորձում են դրսում մնալու հնարավորություններ գտնել, որովհետև Հոնկոնգը կորցնում է իր ինքնավարությունը, և ազատ քաղաքը հայտնվել է Չինաստանի կենտրոնական իշխանության ճնշումների վտանգի տակ։