Մատչելիության հղումներ

Քիմ Քարդաշյանը կոչ է արել օգնել Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով տուժած փոքր բիզնեսին


Քիմ Քարդաշյանը Հայաստանում, արխիվ
Քիմ Քարդաշյանը Հայաստանում, արխիվ

Միլիոնավոր հետևորդներ ունեցող աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել օգնել Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով տուժած փոքր բիզնեսին՝ միանալով Միացյալ Նահանգներում գործող Հայաստանի աջակցության հիմնադրամի դրամահավաքին։ Ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր՝ ֆինանսական օգնությունը միշտ չէ, որ հասանելի է, և շատ փոքր, ընտանեկան բիզնեսները ստիպված են եղել արտադրությունը մինչև 90 տոկոսով կրճատել, ինչպես նաև աշխատակիցների ազատել։

«Եկեք մտածենք Հայաստանի աջակցության հիմնադրամին գումար փոխանցելու մասին, որպեսզի օգնենք դրամաշնորհներ տրամադրել դժվարին իրավիճակում հայտնված բիզնեսներին»,- գրել էր հեռուստաստղը, որը երկու անգամ՝ 2015-ին և 2019-ին եղել է Հայաստանում։ Քարդաշյանը հրապարակել էր նաև Covid-19-ից տուժած փոքր բիզնեսների օրինակներ։ Դրանց թվում էին հայկական շարֆեր արտադրող «Արտույտ» ընկերությունը և «Ռետրո» սրճարանը։

Երևանի կենտրոնում՝ Կասկադին կից գործող «Ռետրո» սրճարանի համահիմնադիր Գևորգ Մարկոսյանը նշում է՝ վիճակն օրեցօր էլ ավելի է վատանում, սակայն 10 տարվա պատմություն ունեցող բիզնեսը փորձում են պահել. - «10 տարվա մեր գոյության ընթացքում կամաց-կամաց տուրիստների քանակը ավելացավ Հայաստանում, և վերջին տարիներին բավականին մենք կախված էինք տուրիստական շարժից: Հիմա ընդհանրապես տուրիստական շարժ չկա, քաղաքային սրճարան է, բայց տեղացի ժողովուրդն էլ շատ քիչ է հաճախում։ Մեր մոտ մոտավորապես 50-60 տոկոսով անցյալ տարվա տվյալներին համապատասխան ընկել է գործը»։

Տեղացիների քիչ այցելությունն էլ, նկատում է, կապված է նախ ֆինանսական խնդիրների, ապա նաև վիրուսի նկատմամբ վախի հետ. - «Նաև էն մարդիկ, ովքեր որ հաճախում են, իրենք էլ էն ժամանակ եթե գալիս, նստում, հաց էին ուտում, չեկերը փոքրացել են մեր մոտ շատ, այսինքն` այսօր կարելի է ասել, որ սուրճ, ջուր, պաղպաղակ, քաղցրավենիք, սնունդ համարյա թե չեն օգտագործում դրսի մարդիկ: Քանի որ սոցիալական հեռավորություն է պահպանվում, մենք սեղաններն էլ ենք կրճատել, դա էլ է մեզ վնասում։ Այսինքն` այն 2 ժամը, որ մենք կարող էինք մի քիչ աշխատել, երեկոյան ժամերին, դա էլ մենք ոնց որ կորցնում ենք սեղանների պակասի պատճառով»:

Հայկական շարֆեր արտադրող «Արտույտ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արևիկ Առաքելյանն ասում է՝ նախքան կորոնավիրուսի տարածումը ընկերությունը մեկ շաբաթում արտադրում էր առնվազն 100, իսկ այժմ միայն մեկ ամսվա ընթացքում՝ 30 շարֆ. - «Վաճառքներն իջել են բնականաբար, հաճախորդները նույնպես պասիվ են, և բիզնեսն այս պահին, կարելի է ասել, կանգնած վիճակում է: Եթե տոկոսային հարաբերությունով նայենք, աշխատում է 10 տոկոսը բիզնեսի»:

4 տարի շուկայում գործունեություն ծավալող ընկերության տնօրենն ասում է՝ մեծ պլաններ ունեին, սակայն այս տարի բոլորը հօդս ցնդեցին, փոխարենը եղան կրճատումներ. - «Ներդրումներ էինք ուզում անել արտաքին շուկա ավելի լուրջ ձևով դուրս գալու, բայց դա խափանվեց այս տարի։ Ունենք վաճառքների լուրջ կրճատումներ, ունեինք պայմանագրային աշխատողներ, ովքեր մեզ համար մատուցում էին ծառայություններ, այս պահին որոշ մասով կասեցված են բոլոր պայմանագրերը»։

Այս երկու բիզնեսներն էլ իրենց պատմությունը ներկայացրել են Հայաստանի աջակցության նորաստեղծ հիմնադրամին։ Հիմնադիրը Լոս Անջելեսում բնակվող Օլիվիա Ժամկոչյանն է, որն այս տարի ընկերների և հարազատների հետ ծրագրել էր Հայաստան գալ։ Հայրենիք չստացված այցելության փոխարեն որոշել են դժվարին իրավիճակում հայտնված բիզնեսների օգնության հիմնադրամ ստեղծել։ Հիմնադրամի խորհրդատու Արմեն Հարությունյանը «Ազատությանը» պատմեց, թե ինչ չափորոշիչներով են առաջնորդվում. - «Փոքր ձեռնարկությունները պետք է ունենան մինչև 20 աշխատող, լինեն ընտանեկան, լինեն գրանցված Հայաստանում, ունենան որոշ չափի առևտրի շրջանառություն: Եվ ըստ էության բոլոր այն կազմակերպությունները, փոքր ձեռնարկությունները, որոնք համապատասխանում են, կարող են դիմել, դրանից հետո կստեղծվի հանձնաժողով, և հանձնաժողովի կողմից ըստ հավաքագրված գումարի չափի կընտրվեն այն ձեռնարկությունները, որոնք հիմնադրամի կողմից օժանդակություն կստանան»:

Հայաստանից ստացել են բազմաթիվ նկարագրություններ, թե Covid-19-ն ինչ ազդեցություն է ունեցել իրենց բիզնես գործունեության վրա. - «Այս պահին հիմնադրամի միջոցներն ուղղված կլինեն հիմնականում անմիջական այս պահին դժվարություններ ունեցող բիզնեսներին, բայց կարծում եմ` հետագայում նաև անհրաժեշտություն կլինի օժանդակել այն փոքր ձեռնարկություններին նաև տնտեսական վերականգնման փուլում, որը նույնպես դժվարին է լինելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG