Վանաձորի համայնքապետարանը դատի է տվել Կառավարությանը՝ պահանջելով անվավեր ճանաչել 14 տարի առաջ կայացրած որոշումը, որով քաղաքի պատմական հուշարձաններից մեկը՝ Արցախ պուրակը, անհատույց հանձնել են համայնքին՝ հասարակական կառուցապատման նպատակով։
Համայնքապետ Մամիկոն Ասլանյանը վարչական դատարանից պահանջել է վերացնել նաև այդ որոշման իրավական հետևանքները. անվավեր ճանաչել կադաստրի կողմից Արցախ պուրակի 1425 քառակուսի մետր տարածքի նկատմամբ «Գ. և Մ.» ընկերության սեփականության իրավունքի գրանցումը։
Պետության պահպանության տակ գտնված պատմական հուշարձանը համայնքին հանձնելու Կառավարության որոշումից հետո՝ 2007 թվականին, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր միանձնյա որոշմամբ պուրակի գրեթե կեսը վաճառել էր «Գ. և Մ.» ընկերությանը, չնայած այն ներառված է եղել Լոռու մարզի տեղական նշանակության պատմամշակութային հուշարձանների ցանկում։ Ընկերությունն արդեն գործող քաղաքապետի 2017 թվականին տված շինարարական թույլտվության հիման վրա մանկական զվարճանքի երկհարկանի շենք է կառուցել Արցախ պուրակի իր սեփական տարածքում։ Այն գրեթե պատրաստ է շահագործման։
Համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, թեև դատարանում վիճարկում է ավելի վաղ կայացված որոշումները, բայց պատմական հուշարձանի տարածքում մանկական զվարճանքի կենտրոն կառուցելու իր տված թույլտվության մեջ որևէ խախտում չի տեսնում. – «Ես գիտեմ, որ փաստաթղթային առումով իմ ժամանակաշրջանում, մեր ժամանակաշրջանում ճիշտ են տրվել բոլոր որոշումները: Մնացածը, անցյալի վերաբերյալ արդեն դատարան պիտի քննության առարկա դարձնի: Մնացածը դատարանը կորոշի»:
Հայաստանի վարչական դատարանը, որի նախագահը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին՝ Աղասի Դարբինյանն է, քննել է համայնքապետարանի հայցադիմումը կոլեգիալ՝ 5 դատավորի կազմով։ 5 դատավորներից 3-ը, այդ թվում Աղասի Դարբինյանը, համարել են, որ համայնքապետարանի հայցադիմումը ենթակա է վերադարձման և այն վարույթ չի ընդունվել։ Դատավորների մեծամասնությունը եզրահանգել է, որ համայնքապետարանը Արցախ պուրակը համայնքին հանձնելու, այնուհետև սեփականության իրավունքով վաճառելու որոշումները կարող էր վիճարկել դրանց կայացումից հետո՝ միայն չորսամսյա ժամկետում։
Վարչական դատարանի որոշման մեջ նշված է. - «Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել 2006 թվականի հուլիսի 4-ին։ Տվյալ դեպքում, դատարանը գտնում է, որ Վանաձոր համայնքը բաց է թողել դատարան դիմելու համար օրենքով սահմանված չորսամսյա ժամկետը»։
Այսինքն՝ միայն տարածքը վաճառած նախկին քաղաքապետը կարող էր վիճարկել կառավարության որոշումը։ Վանաձորի նախկին քաղաքապետի որդու գլխավորած դատարանի որոշման մեջ նաև նշված է, որ համայնքապետարանի դիմումում պահանջը հիմնավորող փաստարկներ չկան, թե հատկապես Վանաձոր համայնքի ո՞ր իրավունքներն են խախտվել։
Մինչդեռ հայցադիմումը քննած 5 դատավորներից երկուսը՝ Հրաչ Այվազյանն ու Արթուր Ավագյանը, չեն համաձայնել մյուս դատավորների հետ ու հատուկ կարծիք են գրել դատարանի որոշման մեջ, ըստ որի համայնքի իրավունքների խախտման դեպքում դատարան դիմելու ժամկետի սահմանափակում չի կարող լինել։
Վանաձորի նախկին քաղաքապետի դատավոր որդու ու ևս երկու գործընկերների հետ համաձայնության չեկած դատավորներն իրենց հատուկ կարծիքի մեջ նշել են. - «Փաստորեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի միջև առկա է ակնհայտ հակասություն, երբ մի դեպքում դատարան դիմելու համար սահմանված է չորսամսյա ժամկետ, իսկ մյուս դեպքում՝ ժամկետային սահմանափակում առհասարակ առկա չէ, որպիսի հակասությունը, մեր գնահատմամբ, ենթակա է հաղթահարման հոգուտ դիմողի»:
Հատկանշական է, որ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն իր հայցադիմումի մեջ շեշտել է միայն Կառավարության որոշումն ու կադաստրի կողմից սեփականության իրավունքի գրանցումը։ Մինչդեռ չի վիճարկել նախկին քաղաքապետի միանձնյա որոշումը Արցախ պուրակի գրեթե կեսը «Գ. և Մ.» ընկերությանը վաճառելու մասին։
«Ազատության» հետ զրույցում ևս Մամիկոն Ասլանյանը նշեց, որ նախկին քաղաքապետի գործողությունների վերաբերյալ որևէ բողոք, գոնե առայժմ, չեն ներկայացրել. – «Քաղաքապետի որևէ գործողություն էս պահին չի վիճարկվում: Դրանք բոլորը անցել են պրոցեդուրաները և ստացել են իրենց իրավաբանական եզրահանգումները` ավարտուն տեսքով: Հիմա մենք իրավական դաշտ, դատական համակարգ մտել ենք` վիճարկելու Կառավարության որոշումը»:
Համայնքապետարանը բողոքարկել է հայցադիմումը հետ վերադարձնելու վարչական դատարանի որոշումը։ Մի քանի օր առաջ վերաքննիչ վարչականը բավարարել է այն ու հայցադիմումը հետ ուղարկել դատարան՝ քննության։
Ի՞նչ ընթացք կունենա Վանաձորի նախկին քաղաքապետի որդու նախագահած դատարանի քննությունը։ Արդո՞ք Կառավարության որոշումը չեղարկվելու դեպքում համայնքապետարանը հետամուտ կլինի նաև նախկին քաղաքապետի որոշումները վիճարկելու հարցին։
Համայնքապետ Մամիկոն Ասլանյանն «Ազատությանը» կոնկրետ պատասխան չտվեց. – «Ես արդեն մնացած իրավական մեխանիզմը չեմ պատկերացնում ուղղակի: Հիմա տեսնենք ինչ է լինում, հետո կմտածենք, թե ինչ անենք: Էս պահին մեր միակ տարբերակը սա է եղել»:
Տարիներ շարունակ Վանաձորում, ինչպես Արցախ պուրակում կատարվող շինարարությունը, այնպես էլ շատ բիզնեսներ, կապել են Ոստիկանության Գուգարքի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապես Արթուր Շահվերդյանի հետ, թեև Կառավարության էլեկտրոնային ռեգիստրում նշված են եղել այլ անուններ։ Մինչդեռ այս տարվա փետրվարին փոխվել են Արցախ պուրակի սեփականատեր «Գ. և Մ.» ընկերության բաժնետերերը: Արդեն 5 ամիս ընկերության 50 տոկոսի բաժնետերը Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ Արթուր Շահվերդյանի 19-ամյա դուստրն է՝ Էլմիրա Շահվերդյանը։ Մյուս 50 տոկոսի սեփականատերը ռուսաստանաբնակ Հայարփի Մուխսուդյանն է: