Մատչելիության հղումներ

Մոսկվայում ձերբակալվել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավարի խորհրդական, նախկին լրագրող Իվան Սաֆրոնովը


Ռուսաստան - ԱԴԾ-ն ձերբակալում է Իվան Սաֆրոնովին, Մոսկվա, 7-ը հուլիսի, 2020թ.
Ռուսաստան - ԱԴԾ-ն ձերբակալում է Իվան Սաֆրոնովին, Մոսկվա, 7-ը հուլիսի, 2020թ.

Մոսկվայում ձերբակալվել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի խորհրդական, «Կոմերսանտ»-ի և «Վեդոմոստի»-ի նախկին թղթակից Իվան Սաֆրոնովը: «Ռոսկոսմոս»-ում հայտարարել են, որ նրան մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության հոդվածով, Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնում է, որ Սաֆրոնովին կասկածում են ՆԱՏՕ-ի հատուկ ծառայություններից մեկի համար աշխատելու մեջ:

Կրեմլն արդեն անդրադարձել է Սաֆորնովի ձերբակալությանը: Նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշելով, որ Սաֆրոնովն իսկապես լրագրող է, ընդգծել է, թե նա դատարանում պաշտպանվելու հնարավորություն կունենա: Քանի որ խոսքը պետական գաղտնիքների մասին, դատավարությունը փակ է լինելու:

«Սաֆրոնովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 275 հոդվածով։ Այս պահին կատարվում են քննչական գործողություններ։ «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան ամենայն աջակցություն է ցուցաբերում քննչական մարմիններին», -հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունը: Պետկորպորացիայի հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Սաֆրոնովի ձերբակալությունը կապված չէ նրա ներկայիս աշխատավայրի հետ:

Ավելի ուշ հայտարարություն է տարածել Անվտանգության դաշնային ծառայությունը, որում մասնավորապես ասված է, որ Սաֆրոնովը, «կատարելով ՆԱՏՕ-ի հատուկ ծառայություններից մեկի առաջադրանքը, հավաքել և Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության, պաշտպանության և անվտանգության մասին պետական գաղտնիք կազմող տեղեկություններ»:

Ռուսաստանի քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածը վերաբերում է պետական դավաճանությանը և նախատեսում է մինչև 20 տարվա ազատազրկում:

ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը հրապարակել է ձերբակալության տեսանյութը։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրը, պնդում է, որ ձերբակալությունը «հնարավոր է» կապված է Սաֆրոնովի լրագրողական գործունեության հետ մինչև «Ռոսկոսմոս»-ում աշխատանքի անցնելը: «Ինտերֆաքս»-ի պնդմամբ՝ Ռոգոզինի ղեկավարած պետական կորպորացիայում Սաֆրոնովի գործունեությունը կապված չի եղել պետական գաղտնիքների հետ, իսկ «Կոմերսանտ» և «Վեդոմոստի» թերթերում նա զբաղվել է ռազմական թեմայով։

Դմիտրի Ռոգոզինը նույնպես հաստատել է, որ մեկ ու կես ամիս առաջ «Ռոսկոսմոս»-ում աշխատանքի անցած Սաֆրոնովը պետական գաղտնիքների հետ գործ չի ունեցել, նաև նշել է, որ նրան հրավիրել պետկորպորացիայում աշխատելու, քանի որ համոզված են եղել նրա պրոֆեսիոնալիզմի և ազնվության մեջ:

«Ինտերֆաքս»-ի մեկ այլ աղբյուր ասել է, որ «ամենայն հավանականությամբ» ձերբակալությունը կապված է ռազմատեխնիկական համագործակցության թեմայով հրապարակման հետ: Նրա փոխանցմամբ՝ ավելի քան մեկ տարի առաջ Սաֆրոնովին կանչել էին ԱԴԾ-ում զրույցի, սակայն այն ժամանակ քրեական գործի մասին խոսք չի եղել։

Այսօր լրագրողի մոսկովյան բնակարանում խուզարկություն են իրականացնում Ռուսաստանի հատուկ ծառայությունները։

30-ամյա Սաֆրոնովը «Ռոսկոսմոս»-իգլխավոր տնօրենի խորհրդական է նշանակվել մարտին։ Մինչ այդ, 2010-2019 թվականներին աշխատել է «Կոմերսանտ» թերթում։ Թերթից նրան հեռացրել են Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հնարավոր հրաժարականի մասին նյութի հրապարակումից հետո։ Ռուսական լրատվամիջոցներն այն ժամանակ հայտնել էին, որ Մատվիենկոն նյութի վերաբերյալ պահանջներ է ներկայացրել «Կոմերսանտ»-ի սեփականատեր Ալիշեր Ուսմանովին: Մատվիենկոն սա հերքել էր։ Ի նշան Սաֆրոնովի պաշտոնանկության դեմ բողոքի, «Կոմերսանտ»-ից հեռացել էին նաև քաղաքականության բաժնի բոլոր լրագրողները և բաժնի խմբագիրը:

«Կոմերսանտ»-ից ազատվելուց հետո Սաֆրոնովն աշխատել է «Վեդոմոստի»-ում՝ որպես հատուկ թղթակից։

Որպես լրագրող Սաֆրոնովը լուսաբանել է ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունը, տիեզերական արդյունաբերությունը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը: Սաֆրոնովը նաև երբեմն փոխարինում էր մեկնաբան Անդրեյ Կոլեսնիկովին Կրեմլում։ «Կոմերսանտ»-ից նրան հեռացնելուց հետո Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Սաֆրոնովի մասին ասել էր ՝ «ամենատաղանդավոր և պրոֆեսիոնալ լրագրողներից մեկը»:

Իվան Սաֆրոնովի հայրը՝ Իվան Սաֆրոնովը, նույնպես երկար տարիներ աշխատել է «Կոմերսանտ»ում՝ որպես ռազմական հարցերով մեկնաբան։ Նա մահացել է 2007 թվականին, չպարզված հանգամանքներում՝ վայր ընկնելով իր մոսկովյան բնակարանի մուտքի պատուհանից։

Սաֆրոնովի փաստաբան Իվան Պավլովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է. – «Այսօր շատ բարդ է հասկանալ, թե որտեղ է ավարտվում լրագրողական գործունեությունը և սկսվում պետական գաղտնիքը»:

Իրավապաշտպանների տվյալներով, վերջին քսան տարիներին Ռուսաստանում պետական դավաճանության համար դատապարտվել է ավելի քան հարյուր մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG