Ամերիկան հայտարարել է, թե մուտքի արտոնագիր չի տա արտասահմանցի այն ուսանողներին, որոնց կրթությունն այս ուսումնական տարում լինելու է հեռավար։
Ներգաղթի դաշնային գործակալությունը նշել է՝ արդեն իսկ երկրում գտնվող օտարերկրացի ուսանողները պետք է կա՛մ հեռանան, կա՛մ տեղափոխվեն այլ ԲՈՒՀ-եր, որտեղ դասավանդումը կշարունակվի սովորական ռեժիմով։ Հակառակ դեպքում նրանք, ըստ պաշտոնական հաղորդագրության, կարող են արտաքսվել։
Այս փոփոխությունը կարող է ազդել հարյուր հազարավոր ուսանողների վրա, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հեղինակավոր մի շարք հաստատություններ, այդ թվում՝ Հարվարդի համալսարանը, պատրաստվում են հաջորդ ուստարում կրթությունը հեռավար կազմակերպել։