Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների «արհեստավարժ հետախույզները», հավատարիմ մնալով իրենց բնորոշ պարզունակ գործելաոճին և օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, շարունակում են համացանցի սոցցանցերում գրանցել արտերկրում բնակվող հայերի անուններով կեղծ էջեր և ներկայանալով որպես գործարար-բարերարներ, կամ ՀՀ ԶՈւ նախկին զինծառայողներ, ծանոթություններ են հաստատում հայ զինծառայող-օգտատերերի, կամ նրանց հարազատների հետ ու շփումների ընթացքում փորձում են կորզել ռազմական բնույթի տեղեկություններ:
Ըստ ԱԱԾ-ի` ՀՀ ԶՈւ-ում դեռևս կան առանձին զինծառայողներ, այդ թվում` հրամանատարական կազմի շրջանում, ովքեր միամտորեն կարծելով, որ հաղորդակցվում են իրենց նախկին ծառայակիցների կամ ենթակաների հետ, նամակարգրությունների ընթացքում քննարկում են զինվորական ծառայությանը վերաբերող հարցեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից-օգտատերը, Facebook սոցիալական ցանցում գրանցված մտացածին էջով (կեղծ) նամակագրական կապեր է հաստատել Հայաստանի զինված ուժերի բարձրաստիճան սպայի հետ և փորձել է նրանից կորզել տեղեկություններ ԶՈւ վերաբերյալ:
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթ օգտատերերի հետ շփումներից և չքննարկել զինվորական ծառայությանը վերաբերող թեմաներ, իսկ նման իրադրության մեջ հայտնված անձանց և զինծառայողներին, իրենց իսկ շահերից ելնելով, անհապաղ դիմել ԱԱԾ: