Մատչելիության հղումներ

Վարչապետ. Ամեն ինչ տանում է նրան, որ առաջիկայում կերկարացնենք արտակարգ դրությունը


Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա` ծանրաբեռնվածության ռեժիմում է առողջապահական համակարգը շարունակում աշխատել: Վարչապետն ընդգծեց, որ այսպիսի վատ լուրեր են ստացվում ոչ միայն Հայաստանից, այլև աշխարհի շատ այլ երկրներից, մասնավորապես տարբեր երկրներում, որոնք հայտարարում էին, որ վերահսկողության տակ է համավարակով պայմանավորված իրավիճակը, նոր ալիք է սկսվում:

Նա նշեց` պետք է անընդհատ քաջալերել քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները:

«Այն պահին, երբ տեսնենք, որ մեր առողջապահական համակարգը չի կարողանում այլևս, ի վիճակի չի թեկուզ այսպիսի ծայրահեղ լարվածության պայմաններում սպասարկել քաղաքացիներին, այլ ելք չենք ունենալ, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմի և ընդհակառակը` ավելի խիստ սահմանափակումներ կիրառել` այս իրավիճակը հաղթահարելու համար», - հայտարարեց վարչապետը` հավելելով, որ շատ լավ գիտակցում է, որ դա տնտեսության վրա ծանր հետևանքներ կունենա, և հուսով է, որ դրա կարիքը չի լինի քաղաքացիների վարքականոնի ու գիտակցության փոփոխության արդյունքում:

Հարցին, թե արդյոք կառավարությունը պատրաստվում է չորրորդ անգամ երկարաձգել կորոնավիրուսով պայմանավորված, մարտի 14-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. - «Մենք հասկանում ենք, որ չենք կարող անվերջ արտակարգ դրությունը երկարացնել, ըստ ամենայնի եթե ամեն ինչ այսպես գնա, առնվազն հիմա մենք կերկարացնենք, բայց նաև արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ կարողանանք արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում գործիքներ ունենալ արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղականություն վարել: Այո, մենք էլ քննարկում ենք, որ չենք կարող անընդհատ արտակարգ դրությունը երկարացնել, դա խնդիր է բոլոր առումով, բոլորիս համար խնդիր է, բայց մյուս կողմից` չենք կարող համաճարակային իրավիճակը հաշվի չառնել, այնպես որ այստեղ մենք կփորձենք գալ հնարավորինս բալանսավորված լուծումների: Բայց ամեն ինչ տանում է նրան, որ մենք առաջիկայում կերկարացնենք առնվազն մեկ անգամ արտակարգ դրությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG