Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի արվարձանում հուլիսի 4-ին սպանված անձը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին քննադատողներից էր։ Այդ մասին «Ազատություն» Ռ/Կ-ին հայտնել են չեչենական սփյուռի աղբյուրները։ Սպանվածը Մամիխան Ումարովն է, ով հայտնի է «Վիեննայի Անզոր» մականունով։ Նա Ավստրիայում քաղաքական ապաստան էր խնդրել։
Ավստրիայի իրավապահները, առանց անուն նշելու, հայտնել են, որ 43-ամյա զոհը Ռուսաստանի քաղաքացի էր, ով Ավստրիայում ապաստան էր փնտրում։
Ըստ նախնական լուրերի` Մամիխան Ումարովը սպանվել է գլխին արձակված կրակոցից Վիեննայի արվարձան Գերասդորֆի առևտի կենտրոնի ավտոկայանատեղիում։ Նա տեղում մահացել է մինչ բժիշկների հասնելը դեպքի վայր։
Ավստրիայի իրավապահները հայտնել են, որ կասկածյալը, ով նույնպես Ռուսաստանի քաղաքացի է, միջադեպից ժամեր անց ձերբակալվել է Վիեննայից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լինց քաղաքում։
Վիեննայի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը` փորձելով պարզել սպանության շարժառիթները։
Առաջին անգամը չէ, որ Եվրոպայում սպանվում կամ հետապնդումների են ենթարկվում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին քննադատողները։