Մատչելիության հղումներ

«Ժողովրդի մակարդակը բարձրացնելու որևէ ծրագիր Մշակույթի նախարարությունում չկա, բոլորն էլիտայի համար են». երգահան


Երաժշտական գործիքներ, արխիվ
Երաժշտական գործիքներ, արխիվ

Երգահան, կոմիտասագետ, խազագետ Արթուր Շահնազարյանը բազմաթիվ ուշագրավ գիտական աշխատությունների հեղինակ է, որը ողջ կյանքը նվիրել է թե՛ կոմիտասագիտության, թե՛ խաղագրության, նաև հայ միջնադարյան երաժշտության ուսումնասիրությանը:

10 տարի առաջ էլ հանրության դատին ներկայացրեց 110 մասից բաղկացած, «Սասունցի Դավիթ» երաժշտական մոնումենտալ ստեղծագործությունը, որտեղ առաջին անգամ գործածվել են նաև միջնադարյան ձեռագրերից և այլ աղբյուրներից վերականգնված ազգային հին նվագարաններ՝ գործիքներ: Արթուր Շահնազարյանն, ինչպես նաև այլ երաժշտագետներ, տարիներ շարունակ իր մտահոգությունն ու տագնապն է հայտնել մեր ժամանակներում երաժշտական այն անընդունելի ձևախեղումների հանդեպ, որոնք բուն են դրել մեր հասարակության ներսում՝ արգելափակելով մեր համաքաղաքացիների թե՛ մտավոր զարգացումը, թե՛ երաժշտական ճաշակի ձևավորումը:

«Ազատության» հետ զրույցի ընթացքում երաժշտագետը հատկապես ընդգծեց, որ դեռ ավելի քան 100 տարի առաջ մեծն Կոմիտասը երաժշտարվեստի միջոցով մեր հազարամյակների մշակույթն էր ներկայացնում նախ իր ժողովրդին, ապա նաև եվրոպական երկրներին և չէր էլ կարող երևակայել, թե 21-րդ դարում ինչ երաժշտություն է լսելու իր ժողովրդի մեծ մասը: Ինքն անձամբ ողջ կյանքում փորձել է հնարավորինս նպաստել երաժշտական ճաշակի ձևավորմանը, բայց սա պետության կարևորագույն հիմնախնդիրներից մեկը պիտի լինի՝ համոզված է Արթուր Շահնազարյանը:

Նա այս ժամանակահատվածում հեռավար դասընթացներով փորձել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի իր սաներին «Սասունցի Դավիթ» էպոսի երաժշտական մեկնաբանությունները ներկայացնել և նրանց համար ուսանելի դարձնել:

«Դաս ենք անում «Սասունցի Դավիթ Էպոսը», որ ընտանիքներին սովորեցնենք, որոշեցինք էպոսը տարածել ընտանիքներում, մանուկների մեջ», - ասաց երգահանը:

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ հենց «Սասունցի Դավիթը», Շահնազարյանը պատասխանեց. «Դե դա է մնացել մեր ժողովրդին մեր հին բանահյուսությունից, մնացել են հրաշապատում հեքիաթները և էպոսը, որովհետև Խորենացին թվարկում է այնքան բաներ, որ այն ժամանակ պատմող գուսանները պատմել են, որ այսօր 20 հատոր կկազմեր»:

Հարցին էլ, թե իր կարծիքով մշակույթի ոլորտում կարևոր հիմնախնդիրներից մեկը ո՞րն է, Արթուր Շահնազարյանն արձագանքեց. «Ողջ մշակույթի ոլորտում մի բան չի փոխվում: Էս մշակույթ կոչվածը, որ ասում ենք մշակույթ, լավ իսկական մշակույթը վերաբերում է մեր ժողովրդի այն հատվածին, ասենք մի 2000 հոգու, որը միշտ էլ իրեն մշակույթ տաս-չտաս, գիտի մշակույթ: Այսինքն լսում է նորմալ երաժշտություն, գիրք է կարդում և այլն: Իսկ ժողովրդի 99 տոկոսը, որ պետությունը պետք է զբաղվի այդ 99 տոկոսով, խրված է նորից թուրքական ելևէջների մեջ, թուրք-արաբական, նույնիսկ թուրքական էլ չէ, ուղղակի վախենալու այդ ձայների մեջ է խրված: Այսինքն այս ժողովրդի մակարդակը բարձրացնելու՝ որևէ ծրագիր Մշակույթի նախարարության մեջ և որևէ օջախ Մշակույթի նախարարությունում, որ դրանով պետք է զբաղվի, գոյություն չունի: Բոլոր օջախները էլիտայի համար են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG