Մատչելիության հղումներ

Սերգեյ Փարաջանովի թանգարանը շատ արդյունավետ է օգտագործում արտակարգ դրության ամիսները


Սերգեյ Փարաջանովի թանգարանը մեր մշակութային լավագույն կենտրոններից մեկն է, որը տարեկան ընդունում է ավելի քան 20 հազար այցելու:

Հաջորդ տարի Փարաջանովի թանգարանը կնշի հիմնադրման 30-ամյակը: Թանգարանն իր դռներն է բացել 1991 թվականին, իսկ մինչ այդ 1988-ին առաջին անգամ Հայաստանում՝ Պետական ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց Սերգեյ Փարաջանովի անհատական ցուցահանդեսը, ինչից հետո «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում որոշվեց ստեղծել Փարաջանովի թանգարանը:

Այն բացվեց, սակայն, Վարպետի մահվանից մեկ տարի անց՝ 1991 թվականին:

Թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանի նախաձեռնությամբ հիմնադրման օրից ի վեր թանգարանում ավելի քան 100 ցուցահանդես է բացվել, փարաջանովյան արվեստին նվիրված բազմաթիվ գրքեր հրատարավկել, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են տարբեր կոնֆերանսներ, հանդիպումներ, գիտաժողովներ, գրական-մշակութային երեկոներ:

Զավեն Սարգսյանի նախաձեռնությամբ փարաջանովյան ցուցահանդեսներ են կազմակերպվել նաև աշխարհի տասնյակ քաղաքներում:

Հավելենք նաև, որ Փարաջանովի թանգարանը միակ թանգարանն է Հայաստանում, որ հիմնադրման օրից բաց է եղել նաև հունվարի 1-ին:

Ուշագրավ է, որ այսօր մեր զրույցի ընթացքում Զավեն Սարգսյանը շեշտում էր, որ արտակարգ դրության այս ժամանակահատվածում թանգարանը, իհարկե, փակ է եղել այցելուների համար, բայց իրենք, ինչպես միշտ, անընդմեջ աշխատել են:

Զավեն Սարգսյան. – Թանգարանը որ ասեմ շատ է տուժել, երևի չէ: Իհարկե, լավ չի, որ մարդիկ չեն գալիս թանգարան, բայց էս հիվանդությունը հնարավորություն տվեց անել էն աշխատանքները, որ սովորաբար չեն հասցնում անել: Որովհետև մենք փոքր անձնակազմ ունենք և զբաղված ենք հիմնականում մարդկանց սպասարկելով: Պատկերացրեք, տարին 20-22 հազար մարդ է այցելում թանգարան, պետք է նրանց դիմավորես, ճանապարհես, ժամանակ չի մնում սովորական գործերի, որոնք կուտակվում են թանգարանում` նյութեր Փարաջանովի մասին, ռեստավրացիայի աշխատանքներ, նոր տեղեկություններ են հայտնաբերվում Փարաջանովի աշխատանքների մասին: Պետք է ասեմ, որ էս ամիսները շատ արդյունավետ օգտագործեցինք մենք:

«Ազատություն». – Այս երեք ամիսների ձեր ուսումնասիրությունների արդյունքները հնարավո՞ր է, որ գրքերի վերածվեն:

Սարգսյան. – Անշուշտ: Դրանք մտնելու գրքերի, հոդվածների մեջ: Մեր կայքը վարում են աղջիկները շատ ակտիվ կերպով: 30 տարուց ավել ես ձայնագրել եմ, հատկապես վիդեոյով, նրա ընկերներին և մարդկանց, որ ճանաչում էին Փարաջանովին: Շատ տեղեկություններ կան, որ ձայնագրել ենք, էդպես էլ մնացել է: Եվ հիմա շատ հետաքրքիր նորություններ կան, որ քիչ-քիչ մերոնք դնում են մեր թանգարանի էջում: Ես մեծ գրքի վրա եմ աշխատում «Սայաթ-Նովա» ֆիլմին նվիրված: Շատերն ասում են, որ այդ ֆիլմի ամեն կադրը մի նկար է: Հիմա ես փորձում եմ այդ նկարները տպագրել գրքի ձևով, մեկնաբանություններով:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ.

Սերգեյ Փարաջանովի թանգարանը շատ արդյունավետ է օգտագործում արտակարգ դրության ամիսները
please wait

No media source currently available

0:00 0:05:43 0:00
Ուղիղ հղում


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG