«Մեզ համար աղոթու՞մ եք», - կորոնավիրուսի թեժ հասցեից Ղազարավանի մենաստան հասանք այս հարցով, որից քույր Եղիսաբեթի ծիծաղն է գալիս:
Պարտադիր չի զգաք, որ այստեղ աղոթում ենք բոլոր հիվանդների, տկարների, ընդհանրապես մարդկության համար, կարևորը՝ Աստված ինքն է տեսնում ու լսում, ասում է քույր Եղիսաբեթը:
Վերջին ամիսներին կանանց մենաստանում բժշկության աղոթքներն են ավելացել: Այստեղ ապրող 8 քույրերը ամեն առավոտ հարևան Սուրբ Նարեկ եկեղեցի են իջնում:
Անշուշտ քույրերը խիստ առանձնացված կյանքով են ապրում, սակայն դիմակ կրում են՝ երբ խմբով են, քույր Եղիսաբեթը զարմանում է՝ տեսնում է՝ դրսերում անդիմակ մարդիկ են շրջում:
«Մեկ-մեկ ես դուրս եմ գալիս, տեսնում եմ, որ ես դիմակ ունեմ, ոչ մեկը չունի ու իրար մոտիկ էլ կանգնած են, էլ ի՞նչ ենք ուզում: Ասում է՝ չես հնազանդվում, ամեն փորձություն էլ կարող է գալ», - ասաց քույր Եղիսաբեթը:
Ե՞րբ աշխարհը կբուժվի այս ախտից, միայն հոգևոր կյանքով ապրողները կանխատեսում չունեն:
Ղազարավանի կանանց մենաստանը Հայաստանի առաջին մենաստանն է, միակ վայրը, որտեղ 8 միանձնուհիներ ապրում են վանական կյանքով: Այն երեք տարի առաջ հիմնվեց՝ Վեհափառի ու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի օրհնությամբ։
Քույրերը աշխարհիկ կյանքից հեռու՝ Աստծուն ավելի մոտ են, և Թեմի քահանանները հաճախ են այստեղ գալիս՝ պատարագների ու ժամերգության։ Բժշկության աղոթքներն էլ՝ համատեղ են:
«Աղոթեցինք այս օրերին և՛ համավարակով վարակված մեր քույրերի, եղբայրների, մեր ծնողների համար, և՛ ընդհանուր բոլոր հիվանդների համար, և խնդրեցինք Տիրոջ զորակցությունը և շուտափույթ առողջություն մաղթեցինք իրենց», - ասաց Արագածոտնի թեմի Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանը:
Միանձնուհիներից երկուսը՝ քույր Եղիսաբեթն ու քույր Տաթևը արդեն 20 տարի է՝ ինչ հեռացել են աշխարհից ու ծառայում են միայն Աստծուն: Նրանք երկուսն էլ վանականության վերին դասում են՝ հնազանդուհիներ են, մյուսները՝ սկսնակներ:
Նաիրիտում բանվորուհի էր քույր Եղիսաբեթը, քույր Տաթևը՝ անգլերենի մասնագետ։ Հետ՝ աշխարհ վերադառնալու թուլություն ասում են՝ չեն ունեցել:
«Ո՞նց կարելի է փոշմանել տիրոջ մոտ լինելը, Քրիստոսի հետ լինելը, դա անհնարին բան է», - ասաց քույր Եղիսաբեթը:
«Երջանկության մեջ եմ ապրում», - ժպտում է քույր Տաթևը, - «Այն կատարյալ երջանկության, որը եթե հավատք չես ունենում և Աստծո հետ կապ չես ունենում և իրան չես զգում քո կյանքում, չես ունենա այդ երջանկությունը: Ամեն ինչ ունայն է և ժամանակավոր»:
Թվում է՝ ողջ օրը կապայով քույրերը աղոթքով ու հոգևոր գրքերով են զբաղված, բոլորովին այդպես չէ, հատկապես տարվա այս սեզոնին գործն այնքան շատ է՝ առավոտյան 5-ին եթե չարթնացան, ամեն ինչ տուժում է:
Շուշան ու Սիրվարդ քույրերը վարդերի նոր տնկիներ են հողի մեջ դրել։ Հեռվում՝ բանջարեղենի սածիլները ջրել է պետք, տարածքը քամոտ է հողը արագ է չորանում:
Քույրերից մի քանիսը շտապեցին փեթակների մոտ, 5 փեթակ ունեին, ավելացրին երկուսով: Սյս տարի մեղր էլ չեն վերցնի՝ կթողնեն փեթակի բնակիչներին:
Անշուշտ աշխարհիկ կյանքում քույրերը տան աղջիկներ են եղել, ոչ թե մեղվապահ կամ այգեգործ, բայց այստեղ ամեն ինչ են սովորում:
Հավաբնում նախկինում 6 աքլոր կար, քույրերը թիվը կտրուկ կրճատել են: Փետրավորների գործը՝ քույր Եղիսաբեթինն է։ Հավեր, սագեր, բադեր նրան տեսնելուն պես ընդառաջ են վազում առանց որևէ կանչող նոտայի:
երեք տարում ամայի տարածքում մեծ տնտեսություն են հիմնել, ծաղկացրել։ Թեմը նոր մասնաշենքն է կառուցել, պարիսպը ավարտեն, միանձնուհիները մեղմորեն կխնդրեն փոքրիկ մի գոմ կառուցել, վստահ են՝ կով պետք է։ Ամեն ինչ անում են եկեղեցու ծախսերը նվազեցնելու, օգտակար լինելու համար։ Անձրևոտ օրերի համար էլ գործ կա՝ մոմ, խունկ են պատրաստում, վաճառում՝ միանձնուհիների մենաստան տարբերանշանով:
Քույրերն առավոտից երեկո երկու գործ ունեն անելու աղոթք և աշխատանք։ Սնվե՞լ, այո, որպեսզի կարողանան աղոթել և աշխատել, ուտում են ընդգծված անկիրք:
33-ամյա Շուշանիկը 2,5 տարի է ինչ այստեղ է: Դեռ տկար է ասում է, թուլանում ու կարոտում է տնեցիներին:
«Գալիս է ժամանակ, երբ շատ եմ կարոտում, այդ ընթացքում էլի օրհնություն ենք խնդրում, Սրբազան Հոր օգնությամբ որոշ ժամանակով գնում ենք տուն ու վերադառնում», - ասաց Շուշանիկը:
Երևանում մայր, քույր, եղբայր ունի, միշտ թույլ են տալիս այցելել նրանց, բայց ինքն ուզում է, որ այդ հարցում ավելի խիստ լինեն, չընդառաջեն իրեն: Լեզվի ու գրականության նախկին ուսուցչուհին շատ է ուզում ապավինել միայն Սստծուն, կտրվել աշխարհիկ կապերից՝ ինտերնետ, ֆեյսբուքյան էջ, նույնիսկ փոստային հասցե չունի, գոնե կոնֆետ սիրո՞ւմ է: «Այո, շատ եմ սիրում շոկոլադ, քաղցրավենիքն իմ թուլությունն է», - պատասխանեց Շուշանիկը:
Կոնֆետից էլ քաղցր, ասում է՝ վանական կյանքն է, հույս ունի, որ նաև իր աղոթքով է մոլորակի վրա, ինչ-որ տեղ ինչ-որ բան դեպի լավը փոխվում։
Քույր Անին հալեպից մեկ տարի առաջ է եկել, այնտեղ Սուրբ Գևորգ եկեղեցու երգչախմբում էր: Երգչախումբը ցրվեց, եկավ Հայաստան, միացավ միանձնուհիներին: Ի դեպ, նրանց անուններն էլ չգիտի՝ «քույրերս են», ասում է:
«Հարցն այն է, թե ինչպես ես ապրում այս կյանքում, այսինքն՝ Տիրոջը հաճելի կյանքով ես ապրո՞ւմ, թե՞ ոչ, և արժանանո՞ւմ ես իր հավանությունը», - նշեց քույր Տաթևը:
Քսան տարվա վանական մենության մեջ՝ քույր Տաթևի ասելիքը կորոնավարակի օրերին՝ զգուշացեք ու հնազանդ եղեք, և հոգին էլ վարակից հեռու պահեք. «Մահը մեղքն է, մեղքն է, որ մահ է»:
Գործ շատ կա, քույրերը զրույցի ժամանակ այլևս չունեն, միանձնուհու կապայի հետ կհագնեն հողոտ սապոգներն ու ի գործ՝ ուրցը, դաղձը սարից դեռ չեն հավաքել։