Մատչելիության հղումներ

Փակված կղզում բացված՝ հայկական օնլայն ռեստորանը


Երբ կորոնավիրուսով պայմանավորված աշխարհի սահմանները սկսել են փակվել՝ Թայլանդի կղզիներից մեկում հանգստի մեկնած, Հայաստանում մի շարք ռեստորանների հիմնադիր Վարդա Ավետիսյանը, հենց տեղում փոքրիկ օնլայն ռեստորան է բացել։

Դեռ շատ վաղուց՝ Հայաստանում խոհարարական հոբբին գործ դարձրած Վարդան, հունվարի վերջին էր ընկերոջ հետ մեկնել Թայլանդի Կոհ Սամուի կղզի։ Ռուսաստանից ու ԱՄՆ-ից իրենց միացած ընկերներով ծախսել էին հանգստի համար նախատեսած ողջ գումարը։ Անելանելի դրությունից դուրս գալու համար՝ Վարդան կղզում փակված զբոսաշրջիկների համար սկսել է տարատեսակ ուտեստներ, աղցաններ, քաղցրավենիքներ պատրաստել, ստեղծել է օնլայն՝ Vegan Villa խումբը, տեղադրել իր համեղ ստեղծագործությունների վիդեոները և լուսանկարները, գրել գներն ու սպասել... ժամեր անց ներկայացված տեսականիից բան չի մնացել... և այդպես գործը հունի մեջ է ընկել։

Թայլանդական կղզու գրեթե գագաթին գտնվող իր պատշգամբից, արդեն հղիության վերջին ամիսները վայելող Վարդան «Ազատությանը» պատմում է, թե ինչպես են իր իսկ խոսքով՝ ռեստորան-ռեստորան խաղ սկսել և լուծել սննդի ու գումարի հարցը:

«Ամեն մեկը տարբեր մասնագիտությունների տեր, բայց խաղում էինք ռեստորան-ռեստորան, Vegan Villa էինք խաղում այդ պահին: Բոլորի համար շատ հաճելի փորձ էր, համ կարողացանք վաստակել մեր երկու ամսվա ապրուստը, մեքենան, սնունդը, մի խոսքով կարողացանք ինքներս մեզ պահել», - ասաց Ավետիսյանը:

Վարդայի ու ընկերոջ հետ Կոհ Սամուի կզում ճարահատյալ մեկուսացած ամերիկաբնակ ու ռուսաստանաբնակ ընկերները համավարակի այդ օրերին սկսեցին պատրաստել սովորել: Վարդայի էկզոտիկ օնլայն ռեստորանն աստիճանաբար փակվեց, որովհետև կղզու զբոսաշրջիկներն արդեն խումբ-խումբ վերադառնում են իրենց երկրներ։ Ինքն ու ընկերը հարմար թռիչքի են սպասում՝ հղիության վերջին ամիսներում գտնվող Վարդան խուսափում է տարբեր չվերթներ փոխելով Հայաստան վերադառնալ:

«Ստացվում է մինչև հուլիսի առաջին շաբաթը չվերադառնանք Հայաստան, դա նշանակում է՝ ավելի երկար ստիպված կլինենք մնալ Թայլանդում, և մեր բալիկը կծնվի Թայլանդում», - նշեց Վարդա Ավետիսյանը:

Դիլիջանում գործող «Կճուճ», «Թավա», «Լոշ» «Հաղարծնի գաթա» ռեստորանների հիմնադիր Վարդան հիմնականում ինքն էլ պատրաստում է ուտեստները։ Համավարակով պայմանավորված ճգնաժամից տուժել է նաև նրա բիզնեսը։ Արդեն փակվել է Երևանում գործող «Արիշտա» ռեստորանը, ինքը դրանց նախագիծ է անվանում։ Ասում է՝ բոլոր նախագծերը մեկտեղել է շատերին հայտնի Դիլիջանի «Թավա»-ում, աշխատակիցների մեծ մասը հարկադիր պարապուրդում են, նախկին տարվա շրջանառության 20 տոկոսն են հիմա կարողանում ապահովել՝ զբոսաշրջիկներ չկան։ Այս տարվա համար մեծ ներդրումներ էին արել, որոնք ասում է՝ գնացին կորան։

«Ամեն օր կանգնած ենք փակվելու վտանգի առաջ, սա շատ մեծ փորձություն էր, մանավանդ, որ մենք հեռվում էսպես նստած, օրեցօր ես կորցնում էի իմ հիմնադրած գործերից ինչ-որ մի մաս: Օրինակ՝ մեր «Թավա»-ն այս պահի դրությամբ շատ հնարավոր է, որ փակվի, որովհետև փոխզիջման չեն ուզում գնացած լինեն սեփականատերերը շենքի, չեն հասկանում, որ իսկապես մենք ոչ մի հնար չունենք վճարելու», - ընդգծեց նա:

«Ո՞ւմ դժգոհեմ, երբ աշխարհն է այդ վիճակում», - ասում է Վարդան ու շարունակում, որ այդուհանդերձ, գոնե փոքր և միջին բիզնեսին օգնել է հարկավոր՝ վարկերը սառեցնելով։ Պատմեց, որ պետական աջակցություն են ստացել՝ վարկ, բայց միջնորդ օղակներում բյուրոկրատական քաշքշուքների պատճառով այդ խիստ անհրաժեշտ գումարը հաճախ տեղ է հասնում արդեն շատ ուշացած։ «Տարբեր ծրագրեր կան աջակցության միջին և փոքր բիզնեսների, այդ ծրագրերը, երբ որ մենք ստացանք փոքրիկ աջակցություն՝ պետական վարկ, որը մի քանի տարի հետո ենք մարելու, բայց բանը նրանում է, որ երկու ամիս առաջ մենք այդ իրավասությունը ստացանք, որ կարող ենք օգտագործել, բայց ինչ-որ ման-մունր թղթաբանության պատճառով, անպարտաճանաչության: Այդ միջին օղակներում չի գործում, մեզ չի հասնում կամ հասնում է այն ժամանակ, երբ որ դրա կարիքն արդեն չկա», - ասաց Ավետիսյանը:

Ու որպեսզի նաև բիզնեսին ուղիղ հարվածող այս համաճարակից նվազագույն կորուստներով դուրս գան, Վարդան կարծում է, որ հայաստանցիներն էլ պետք է հետևեն թայլանդցիների օրինակին՝ անհրաժեշտ է դիմակով դուրս գալ՝ կրում են առանց դժգոհելու, հաշվի չառնելով Թայլանդի սաստիկ շոգերը, պետք է կարգ ու կանոն պահպանել՝ կատարում են առանց տրտնջալու։ Վարդայի խոսքով՝ հատկապես ամռան ամիսներին Թայլանդում ջերմաստիճանը միշտ 30-ից բարձր է, թեև մեր հարցազրույցի պահին եղանակն անձրևային էր, բայց միևնույնն է ասաց՝ սաստիկ տոթ է։

«Ես հիմա, որ նայում եմ՝ ինչ է կատարվում մեր մոտ՝ Հայաստանում, մի քիչ սիրտս ցավում է, որովհետև եթե մենք բոլորս մեր կարծիքը փորձենք առաջ տանել, դա կլինի շիլա-շփոթ, ինչը նկատվում է հիմա: Մենք, փառք Աստծո, ունենք պետություն և պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրս այդ երկրի մի անդամն ենք, և եթե ընդհանուր որոշվում է, որ կարգը սա է, եկեք պահենք այդ կարգը», - նշեց Վարդան:

Հայաստանում մի քանի ռեստորաններ հիմնադրած Վարդան վաղուց է երազել էկզոտիկ կղզիներից մեկում սեփական ռեստորանն ունենալ, բայց այնտեղ, որտեղ հիմա փակված են՝ միայն տեղացիներն իրավունք ունեն բիզնես ծավալել։ Զրուցակիցս լուրջ է տրամադրված՝ օրինական ճանապարհ կգտնի հետագայում այդ հարցը լուծելու, սպասում է համավարակի ավարտին, որ հայկական ռեստորանային համեղ բիզնես նաև Թայլանդում մեկնարկի:

XS
SM
MD
LG