Հայաստանի ազգային հերոս, երգչախմբային արվեստի ամենահեղինակավոր պարգևների արժանացած Հովհաննես Չեքիջյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ղեկավարում է 1961 թվականից՝ շուրջ 60 տարի: Նա ընդամենը 9 տարեկան էր և դեռ բնակվում էր իր ծննդավայր Կոնստանդնապոլսում, երբ 1937-ին Երևանում ստեղծվեց Հայաստանի պետական երգչախումբը և, բնականաբար, 9-ամյա այդ մանչուկն անգամ չէր էլ կարող երևակայել, որ 2 տասնամյակ անց իր կյանքն ընդմիշտ կապվելու է այդ երգչախմբի հետ՝ այս վերջին 60 տարիներին հանդես գալով ավելի քան 1000 համերգով Հայաստանում և աշխարհի լավագույն բեմերում:
Չնայած պատկառելի տարիքին 92- մաեստրոն իր ղեկավարած երգչախմբի հետ մշտապես հիացրել է ունկնդրին, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն էլ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ հաղթահարել է համավարակային այս ժամանակաշրջանը՝ առցանց հարթակներում ներկայացնելով իր համերգային ծրագրերը, ներառելով երգչախմբային արվեստի իր երգացանկի լավագույն նմուշները:
Երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը «Ազատության» հետ զրույցի ընթացքում շեշտեց, որ բարեբախտաբար հիմա թույլատրվում է գոնե փոքր խմբերով փորձեր անել, այլապես իրենց երգչախմբի և անձամբ մաեստրոյի համար մասնագիտական առումով շատ դժվար էր հաղթահարել հարկադրական պարապուրդի այս ժամանակաշրջանը:
«Պարետի թույլտվությամբ մենք կարողանում ենք փոքր խմբերով փորձեր անել, և մեր ձայնագրությունները հնարավորինս կարողանում ենք տեղադրել կայքում, որ կարողանան մարդիկ գոնե այդ ձայնագրություններից ինչ-որ մի քանի հատված լսեն: Մի քանի օր առաջ մենք ունեցանք համերգ նվիրված մեր բժիշկներին, փոքրիկ համերգ, որովհետև ավելի երկար չէր կարելի, մարդիկ կհավաքվեին», - ասաց Թերզյանը:
Երգչախմբի տնօրենը նշեց. «Մաեստրոն շատ լավ է, փորձում ենք շատ զգույշ լինել, ինքը փորձերին դիմակը չի հանում, երգիչները դե պարզ է՝ չեն կարող դիմակներով երգել, ասենք 1,5 մետր է թույլ տրված, բայց մենք 2 մետրից ավելի ենք իրարից հեռու նստում»: