Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ):
Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյան «Ազատությանը» փոխանցեց, որ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրդեհի վայրում հերթապահություն է սահմանել. «Տեղում աշխատանքները շարունակվում են, ուժեղ քամին էլ ավելի է դժվարացնում աշխատանքը: Հիմա արդեն ձեռքի գործիքներով են աշխատում, որ բոլոր հնարավոր կայծկլտացող հետքերը վերացնեն: Զգուշավորությունից ելնելով նախարարը տեղում հերթապահություն է սահմանել»:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով մոտ 120 փրկարար ծառայող, դեպքի վայրում է նաև ԱԻ նախարարը:
Պատճառների մասին խոսելը գերատեսչությունում դեռ վաղ են համարում:
ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի մասին ահազանգը ստացել է ժամը 20:58-ին: