Մատչելիության հղումներ

Գյումրիի Բարեկամության այգին կվերածվի smart այգու


IDeA հիմնադրամը մտադիր է Գյումրիի Բարեկամության այգին վերածել խելացի (smart) այգու: Ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանն այսօր Գյումրիում կազմակերպված հանրային քննարկմանը, շատ չակերտներ չբացելով, մանրամասնեց, թե ինչ ասել է խելացի այգի. – «Խելացի ասելով, smart ասելով, մենք հասկանում ենք, որ smart այգին ինքը իրա պահպանման մեթոդաբանությամբ է smart: Այսինքն` ոչ թե ավելի տեխնոլոգիական լուծումներով, ինչը որ էլի տեղի է ունենալու, թե իրա ջրամատակարարման և կանաչները պահպանելու մեթոդաբանությամբ, բայց նաև իրա մենեջմենթի և առհասարակ, թե ինչպես է օպերացիոն կերպով այգին պահվելու»:

Այս պահին ընթանում են նախագծային աշխատանքները: Մուրադյանը ասում է, որ համավարակը չի ազդի ծրագրի իրականացման վրա:

10 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը նախատեսվում է սկսել ու ավարտել սահմանված ժամկետում: Միայն թե համավարակի պատճառով նախագծողները արտերկրից չեն կարող Հայաստան հասնել:

«Մեծ բացասական ազդեցություն [համավարակը] չի ունեցել: Այն իմաստով, որ հիմնականում մեզ մոտ նախագծային փուլ էր նախատեսվում, որը իրականացվում է: Բոլորիս վրա անդրադառնում է այն իմաստով, որ մեր նախագծողների հիմնական թիմը չի կարողանում Հայաստան ժամանել, բայց, այնուամենայնիվ, աշխատանքները բավականին արդյունավետ կազմակերպվում են օնլայն հարթակում»:

Կառավարությունը ևս մասնակցում է այս ծրագրին. մեկ միլիոն դոլարից ավելի է մասնաբաժինը:

Այգին զբաղեցնում է 7 հեկտարից ավելի տարածք: Ելենա Մուրադյանի վստահեցմամբ, եթե խոչընդոտներ չառաջանան, շինարարության մեկնարկը կտրվի հաջորդ տարի գարնանը. – «Աշխատում ենք պետության հետ, որպեսզի մեկնարկեն որոշակի աշխատանքներ միգուցե աշնանը: Բայց բավականին մեծ փուլում շինարարական աշխատանքները գարնանը` մարտ ամսից»:

Այգու կառուցման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներն արդեն ներկրվել են: Ծրագրի հիմնական նպատակը տուրիստական հոսքի ապահովումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG