Մատչելիության հղումներ

Հունվար-մայիսին առցանց առևտուրը Հայաստանում աճել է 14,6 տոկոսով


Այս տարվա առաջին հինգ ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում առցանց՝ ինտերնետով առևտուրը նկատելի աճ է գրանցել՝ 14,6 տոկոս և կազմել 5 միլիարդ 769 միլիոն 900 հազար դրամ կամ այսօրվա փոխարժեքով՝ 11,8 միլիոն դոլար, նշված է այսօր «Ազատությանը» Վիճակագրական կոմիտեի տրամադրած տեղեկանքում։

Ընդ որում, հայաստանյան օնլայն առևտրի գերակշիռ մասը կենտրոնացած է Երևանում. հունվար-մայիսին մայրաքաղաքում առցանց առևտրի ծավալը կազմել է 5 միլիարդ 712 միլիոն դրամ կամ ողջ հայաստանյանի 99 տոկոսը:

Այս տարվա մարտի 16-ից, ինչ կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, ակնհայտ է, որ առցանց առևտուրն ու ծառայությունները Հայաստանում, ինչպես ողջ աշխարհում, աճում են։

Առցանց պատվերներ ընդունող և սննդամթերքի առաքմամբ զբաղվող հայաստանյան հանրահայտ՝ Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանն այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նախորդ երեք ամիսներին հայաստանյան ընկերությունների գերակշիռ մասը կա՛մ սկսել է առցանց ծառայություններ մատուցել, կա՛մ մտորում է այդ տարբերակի մասին։ «Կորոնավիրուսը էապես արագացրեց առցանց առևտրին անցնելու գործընթացը», - ընդգծեց գործարարը։

«Նրանք, ովքեր որ ակտիվ են եղել օնլայն հարթակում, իրենց մոտ առնվազն 30-40 տոկոսանոց աճ եղել է այս նախորդ երեք ամիսների ընթացքում, իսկ նրանք, ովքեր պասիվ են եղել, իրենց մոտ կարող է արդեն շրջանառության էական մասը տեղափոխվել է օնլայն: Իհարկե, դրանցից մեծ մասը կարող է դուրս գան հետո՝ նորեկներից, որովհետև դրա համար արդեն պետք է աշխատանքի արդյունավետություն, պետք է բիզնես լոգիկան ներքևում ճիշտ աշխատի, բայց միևնույն ժամանակ էական աճ հաստատ եղել է բոլորի մոտ էլ: Իհարկե, օֆլայնում բոլորը բողոքում են, այսինքն ընդհանուր շրջանառությունը կտրուկ իջել է, բայց օնլայնն էապես աճել է, այնպես որ օնլայն-օֆլայն հարաբերակցությունը հիմա արդեն էապես արդեն ավելի բարձր է, քան առաջ», - ասաց Menu Group-ի հիմնադիրը:

Ըստ Քերոբյանի, հատկապես տպավորիչ է առցանց առևտրի ժամանակ վարկային քարտերով կամ, ինչպես ասում են, կրեդիտ քարտերով կատարվող վճարումների քանակի կտրուկ աճը. նախորդ տարվա համեմատ աճը կազմել է մոտ երեք անգամ։

«Եթե անցած տարի մեր մոտ միջինը 15 տոկոս էր օնլայն վճարումները, այսինքն՝ կրեդիտ քարտերով վճարումները, հունվար-փետրվարին արդեն 25 տոկոս դարձավ, որովհետև օրենք ընդունվեց, որ մարդիկ աշխատավարձերն արդեն պետք է անկանխիկ ստանան միայն, իսկ ճգնաժամից հետո, արդեն 55-60 տոկոսի է հասել կրեդիտ քարտերով վճարումները, որը շատ ոգևորիչ է, որովհետև մենք բոլորս ձգտում ենք անկանխիկացնել մեր կյանքը», - ասաց Վահան Քերոբյանը՝ նշեով, - «Օնլայն առևտրի 55-60 տոկոսն արդեն կրեդիտ քարտերով է վճարվում: Խանութներում բնական է՝ շատ քիչ է, երևի մի 15 տոկոսի կարգի, բայց օնլայնը կարելի է ասել ցատկ արեց՝ անցած տարվա 15 տոկոսից այժմ 55-60 տոկոսի, այսինքն մոտ 3-4 անգամ ավելացան օնլայն վճարումները»:

Տեսակապի ոլորտում գործող հայաստանյան հայտնի՝ Zangi ընկերության հիմնադիր-տնօրեն Վահրամ Մարտիրոսյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ նախորդ տարվա համեմատ իրենք մինչև 30 տոկոս աճ են գրանցել։

«Մենք էլ ունենք աճ և ունենք լավ սպասումներ դրա հետ կապված: Աշխարհում այսօրվա թրենդը, ճիշտ է շատ վատ է, որ վիրուսային այս պանդեմիան առաջացել է, բայց դրա հետ բերել է որոշակի փոփոխություններ, փոփոխություններից մեկը, ամենահայտնի փոփոխությունը Zoom-ի հայտնությունն էր կարելի է ասել և համաշխարհային ճանաչումը: Այս թրենդի մեջ նաև մենք կանք՝ Zangi-ն, որովհետև ընդհանուր աշխարհը, որը գնում է օնլայն ծառայությունների, հեռավար ծառայությունների մատուցման ավելի ու ավելի տրամադրմանը, Zangi-ի ծառայությունների պահանջարկն աշխարհում ավելի բարձրանում է», - ասաց Վահրամ Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով, Zangi-ին ներկայում ավելի շատ ծառայություններ է մատուցում տարաբնույթ ընկերությունների, ուր Zangi-ի առաջարկած լուծումների պահանջը նախորդ ամիսներին և այժմ էլ անշեղորեն աճում է։

«Եթե նայենք թվերով, այս վերջին ամիսներին 20-30 տոկոսի աճ ունենք նախորդ տարվա համեմատ: Ունենք հսկայական պահանջարկ հեռաբժշկության, հեռաուսումնական համակարգերի ոլորտում: Մենք հիմա ակտիվ պատրաստում ենք նմանատիպ լուծումներ, որովհետև կա հսկայական պահանջարկ, առանց չափազանցնելու, մենք այսօր օրական երևի տասնյակ մեյլեր ենք ստանում աշխարհի տարբեր թե՛ հիվանդանոցներից, շատ մեծ համակարգերից, թե՛ անհատ ընկերություններից, որոնք ուզում են այդ բիզնեսը սկսել, բայց այս պահին մենք չունենք պատրաստի լուծումներ և պատրաստում ենք պատրաստի լուծումներ, իմ կարծիքով, այդ լուծումներն ունենալուց հետո մեր վաճառքները և ընդհանուր ընկերությունը ոչ թե 20-30 տոկոս, այլ բազմակի մենք կունենաք աճ», - ընդգծեց Zangi ընկերության հիմնադիր-տնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG