Շիրակի մարզի Գեղանիստի բնակիչները նկարահանել են, թե ինչպես է ուժեղ պտտահողմը մի քանի րոպեում մեծ ավերածություններ գործում գյուղում:
«10-15 րոպե տևեց, քամին էլավ, վերևից մաքրեց մինչև ցած», - ասաց գյուղացիներից մեկը:
Պտտահողմի վնասները բավականին մեծ են՝ տանիքներ են պոկվել, պարիսպներ ու գերզմանաքարեր շուռ եկել, հաստաբուն ծառերը՝ արմատախիլ եղել։ Նման բան անգամ գյուղի տարեցները չէին հիշում. – «Գյուղ ա, գյուղի տնտեսությունը ինչ ունի, սաղ կրիշն ա լցնում, կտուրի մեջ: Չկա... տարել ա...»
Համայնքապետարանը պոլիէթիլենով որոշ տանիքներ ծածկել է, որ մարդիկ գոնե անձրևից պաշտպանվեն, բայց դա էլ ելք չեն համարում: Ոմանք գումար են ճարել ու վերանորոգում սկսել։ Ասում են՝ եթե այդպես մնա, անձրևը ավելի կմեծացնի կրած վնասը:
Ոմանք էլ սպասում Կառավարության աջակցությանը, քանի որ ամեն տուն մի քանի միլիոնի վնաս է կրել. – «Ոչ մեկն էսօր չի կարա կրիշը փոխե: Մենակ կառավարությունը կարա, աջակցություն պիտի անի, ու արագ: Ոչ թե սպասեն: Մենք էս վիճակով կսպասենք մինչև կառավարությունը օգնություն տա»:
Մեկ այլ գեղանիստցի ասաց. – «Ինչքա՞ն սպասենք: Եղանակի չի թողա: Էսքան բանից հետո եթե մի հատ էլ անձրև գա՞... Տան մեջը սաղ կփչանա»:
Ռոբերտ Ղալաչյանի տան բակում տեղադրված մոտ 8 տոննա կշռող տնակը քամին մի քանի մետր հեռու է քշել, տնակից էլ առանձապես բան չի մնացել։
Ռուբեն Երանոսյանի տան տանիքը չկա, 100 հակ խոտից էլ ընդամենը 4-ն է տեղում մնացել:
Խորեն Սարգսյանը ոչ միայն տանիքից է զրկվել, այլ նաև երեք ամիս առաջ ապառիկով գնած արևային ջրատաքացուցիչիցից. – «Գտել ենք մոտ 500 մետր հեռավորության վրա անօգտագործելի վիճակում»:
Գեղանիստի համայնքապետարանը հաշվառել է վնասված տները։ Համայնքապետ Սեն Մարտիրոսյան ասաց, որ քամին շինություններից բացի նաև գյուղտեխնիկան է վնասել. – «Մենք հաշվարկել են 23 տուն հարակից տարածքներով`գոմ է, գարաժ է... Վնասը շատ մեծ է: Նյութական վնասը` մոտ 40- 50 միլիոն»:
Շիրակի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Արամ Անտոնյանի փոխանցմամբ՝ Գեղանիստում քամու վնասը 18.5 միլիոն դրամ է կազմում։ Մայիսին մարզում իրար հաջորդած ուժեղ քամիների վնասը ընդհանուր առմամբ գնահատվել է մոտ 37 միլիոն դրամ։ Կառավարությունը փոխհատուցման որոշում մինչև այս պահը չի կայացրել։