Մատչելիության հղումներ

Հասանով․ «Շփման գծի երկայնքով տեղադրված ամերիկյան սարքավորումների պատճառով չենք կարողանում հրազենով թիրախավորել հայերին»


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շփման գծի մոտակայքում տեղակայված զորամասերից մեկում, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շփման գծի մոտակայքում տեղակայված զորամասերից մեկում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի պնդմամբ՝ վերջին երկու տարիներին շփման գծում նկատվող համեմատական անդորրի գլխավոր պատճառներից մեկը Հայաստանին մատակարարված ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաներն են։ Այս մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը հայտարարեց կիրակի օրը՝ Բաքվում հեռարձակվող ռուսալեզու CBC ալիքի եթերում։

«Հայերը, Միացյալ Նահանգներում իրենց հովանավորների շնորհիվ, ռազմական նշանակության սարքավորումներ են ձեռք բերել և տեղադրել են դրանք ռազմաճակատի գծի երկայնքով։ Խոսքը դիտարկման համակարգերի մասին է։ Հայերը այդ սարքավորումները տեղադրել և հետ են քաշվել, որպեսզի մենք չկարողանանք նրանց թիրախավորել հրաձգային զենքով», - հայտարարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը։

Հասանովի խոսքով, ի դեպ, ինքը Հայաստանին ռազմական նշանակության սարքավորումների մատակարարման հարցով դիմել է ԱՄՆ ներկայացուցիչներին, բաց այդպես էլ որևէ հստակ պատասխան չի ստացել։ «Որևէ մեկը ինձ այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչպես են [հայերը] կարողացել ձեռք բերել դրանք», - նշում էր Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Ադրբեջանական հեռուստաալիքին տված այս հարցազրույցում Զաքիր Հասանովը նաև թափանցիկ կերպով ակնարկում էր իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների ակտիվ քայլերը կաշկանդող ևս մեկ գործոնի մասին։ Խոսքը առաջնագծում տեղակայված ադրբեջանական զորքերի թիկունքում, հենակետերի անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի մասին է։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ այս առումով հայերն ավելի շահեկան դիրքում են։ «Հայկական կողմից շփման գծի երկայնքով բնակավայրեր չկան», - նշում էր Հասանովը։

Ստեղծված իրավիճակում, երբ 2018 թվականից ի վեր առաջնագծում ակտիվ գործողությունների դիմելու հնարավորությունները զգալիորեն սահմանափակվել են, Ադրբեջանի բանակը հիմնական շեշտը դրել է ինժեներական աշխատանքների իրականացման վրա։

«Մենք, օգտվելով այս հնարավորություններից, ճակատային գծում լայնածավալ ինժեներական աշխատանքներ ենք կատարել։ Մենք կարողացել ենք առավելագույն կերպով կյանքի կոչել մեր առջև դրված խնդիրները։ Ես չեմ կարող մանրամասնել, սակայն այս ժամանակը մենք զուր չենք վատնել։ Մեզ հարկավոր էր որոշակի վերախմբավորում իրականացնել, ինժեներական աշխատանքներ կատարել, և մենք այժմ դրանք գործնականում ավարտում ենք», - հայտարարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը։

Ինժեներական աշխատանքներին զուգահեռ, ըստ Հասանովի, ադրբեջանական բանակը շարունակում է զորավարժությունների ընթացքում սեփական կարիքներին ադապտացնել այն սպառազինությունը, որ ձեռք է բերվել վերջին տարիներին աշխարհի տարբեր երկներում ՝Իսպանիայից մինչև Ռուսաստան, Իսրայելից՝ Բելառուս։ Զաքիր Հասանովի խոսքով, ի դեպ, միայն ռուսական և իսրայելական արտադրության զենքերի ձեռքբերման վրա Ադրբեջանը 10 միլիարդ ամերիկյան դոլար է ծախսել։

«Վերջերս մամուլում հայտնվեց իսրայելական արտադրության «Լորա» տեսակի հրթիռի փորձարկման տեսանյութը։ Մենք չենք էլ թաքցնում, որ մեր զինանոցում այդ հրթիռն առկա է, մենք այն նույնիսկ զորահանդեսի ժամանակ էինք ցուցադրել։ Դա աշխարհի լավագույն հրթիռներից մեկն է։ Նաև [բելառուսական] «Պոլոնեզ» համակարգերն ունենք, մի շարք այլ հրթիռներ ևս ունենք, որոնց գործողության շառավիղը 120,150 կիլոմետր է», - հայտարարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG