Հայաստանի ղեկավարները` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ են հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Վարչապետն իր ուղերձում նշել է. «Չափազանցություն չէ՝ դուք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր հերոսներն եք։ Ինչպես մեր զինվորներն են անձնվիրաբար պաշտպանում հայրենիքի սահմանները, այնպես էլ դուք այս օրերին անմնացորդ նվիրումով պայքարում եք համաճարակի դեմ և փրկում մարդկային կյանքեր»։
Ինչպես փոխանցում են կառավարության լրատվականից, վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի առողջապահական համակարգն այսօր հրաշքներ է գործում, և բոլորիս խնդիրն է աջակցել նրան մեր անհատական վարքագծով, հակահամաճարակային կանոնները պահպանելու մեր կարգապահությամբ:
Ինչպես վարչապետը, այնպես էլ նախարար Թորոսյանն է համոզվածություն հայտնել, որ այս մարտահրավերից մենք դուրս ենք գալու հաղթանակած: «Ձեզնից շատերը հիվանդացել են, սակայն դա էլ չի կանգնեցրել ձեզ. վերադարձել եք աշխատանքի` ավելի մարտունակ: Ցավոք, նաև ունեցել ենք կորուստ:
Բուժաշխատողներն ամեն օր հագնում են ծանր, անհարմար արտահագուստը և այս պայմաններում 8 և ավելի ժամ շրջում բաժանմունքներով, կատարում իրենց աշխատանքը` հույսով, որ մեր համաքաղաքացիները կաջակցեն նրանց պահպանելով երեք պարզ կանոն. պարբերաբար կախտահանեն ձեռքերը, կկրեն դիմակ և կպահպանեն սոցիալական հեռավորություն», - իր ուղերձում ասել է նախարարը:
Նախագահ Արմեն Սարգսյանը ևս, շնորհակալություն հայտնելով բուժաշխատողների կողմից կատարվող աշխատանքի համար, շեշտել է. «Որևէ գնահատական չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ դուք անում եք հատկապես այս օրերին։ Համավարակի հետևանքով ստեղծված համաշխարհային խառնաշփոթի մեջ կա մի անձեռնմխելի արժեք։ Դա հարգանքն ու խոնարհումն է ձեր առջև, սիրելի՛ բուժաշխատողներ», - հայտնում են նախագահի աշխատակազմից։