Մատչելիության հղումներ

Ազատ արվեստագետը հայտնվել է ամենաանպաշտպան վիճակում. արձակագիր Անուշ Ասլիբեկյան


Արվեստագիտության թեկնածու, թատերագետ, արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանը հայտնի անուն է մեր գրական-թատերական հանրության շրջանակներում թե՛ իր արձակ ստեղծագործություններով, թե՛ պիեսներով, որոնք մեծ հաջողությամբ պարբերաբար բեմադրվում են տարբեր թատրոններում:

Անցյալ տարեվերջին գրական հանրությանը ներկայացվեց Անուշ Ասլիբեկյանի «Պրոֆեսորը» խորագրով գիրքը, որն ընթերցողին բացահայտում է բժշկապետ, Երևանի Բժշկական համալսարանի հիմնադիր Վահան Արծրունու հրաշալի, առինքնող կերպարը՝ նախորդ դարասկզբին հայ ժողովրդի համար մի բարդ, ճակատագրական ժամանակահատվածում:

Այսօր ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյոք արտակարգ դրության այս ինքնամեկուսացման ամիսները նպաստե՞լ են ստեղծագործական աշխատանքին, Անուշ Ասլիբեկյանը բացասաբար պատասխանեց, հավելելով նաև, որ իր գործընկերների՝ այլ ազատ արվեստագետների հետ առցանց հարթակում ուշագրավ նախագծեր են իրականացրել՝ ներկայացնելով հայ ժամանակակից գրականությունն ու գրողներին:

«Անկեղծ պետք է ասեմ, որ այս ամիսների ընթացքում ստեղծագործական մղումները ինձ լքել են, և տրամադրությունները, իհարկե, որքան էլ փորձում եմ դրական, էսպես ասած, հուսադրող գոնե իմ շրջապատի մարդկանց, ընկերների համացանցային դաշտում լինել, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ անկումային են տրամադրությունները, ինչը չի կարող ինձ տրամադրել ստեղծագործելու, քանի որ երկրում տեղի ունեցող այս ողբերգական իրավիճակը մեծապես, խորապես ազդում է իմ տրամադրությունների վրա, և ամեն օր լսելով մահերի մասին և ծանր վիճակում գտնվող մարդկանց մասին, չեմ կարող մեկուսանալ, կտրվել երկրի խնդիրներից», - ասաց Անուշ Ասլիբեկյանը:

Հարցին էլ, թե ինչպիսի՞ լուծում է տեսնում ազատ արվեստագետի կարգավիճակի խնդրին, Ասլիբեկյանը պատասխանեց. «Խնդրի լուծումը ես չէ, որ պետք է տեսնեմ, այլ ես տեսա, թե ինչպիսի վերաբերմունք կա առհասարակ պետության կողմից: Առհասարակ արվեստագետների այդ խավն այս վերջին ժամանակներում հայտնվել է ամենաանպաշտպան վիճակում, որովհետև փաստորեն, երբ հարցը բազմաթիվ արվեստագետների կողմից բարձրացվեց, համացանցում լայնորեն քննարկվեց, մենք ականատես եղանք մի դրվագի, որ խնդիրը բարձրացվեց Ազգային ժողովում, բայց ո՛չ գործադիրը, ո՛չ օրենսդիրը հստակ պատկերացումներ, հստակ լուծումներ չեն տեսնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG