Թբիլիսիում այսօր երեկոյան ընդդիմությունը բողոքի ցույց կանցկացնի` հիշեցնելու մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, երբ «իշխանությունը խորհրդարանի խոսնակի աթոռը զիջել էր ռուսական Պետդումայի պատգամավորին` ուղղափառ եկեղեցիների միջխորհրդարանական նիստի ժամանակ»:
Ժեստը բողոքի ալիք էր բարձրացրել, ժամեր անց հազարավոր ցուցարարներ հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ` «օկուպանտները մեր երկրում տեղ չունեն» կարգախոսով: Հավաքը ցրելու համար ոստիկանությունը բռնի ուժ էր կիրառել, տուժել էր առնվազն 240 ցուցարար, երիտասարդների մեկը աչքն էր կորցրել:
«Մենք չենք մոռացել, և չենք մոռանալու», - հայտարարում են այսօրվա ակցիայի մասնակիցները: Կազմակերպիչները հորդորում են աջակիցներին ցույցի ժամանակ պահպանել սոցիալական հեռավորության նորմերն ու հակահամաճարակային կանոնները: