Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը շտապ հայցով դիմել է դաշնային դատարան ազգային անվտանգության հարցերով նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գրքի հրատարակումն արգելափակելու համար։

Դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ ամերիկյան երեք խոշոր պարբերականներ գրքից մի քանի հատված են հրապարակել։

Գրքի վերնագիրն է «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշեր»։

Simon and Schuster հրատարակչական տունը հայտարարել է, թե «գրքի հեղինակն ականատեսի իրավունքով պատմում է որոշումներ կայացնելու ժամանակ Թրամփի դրսևորած անհետևողականության մասին»։

Ըստ Սպիտակ տան, Բոլթոնի գրքում կան պետական գաղտնիքներ, որոնց հրապարակումը կվնասի Ամերիկայի ազգային անվտանգությանը։ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, թե «բնագրի ներկայիս տարբերակում կան որոշ պարբերություններ, որոնց հրապարակումը կունենա անդառնալի հետևանքներ և ծանրագույն հարված կհասցնի երկրին»։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատարանին հասցեագրված հայցում նշել է, որ Բոլթոնը «միակողմանիորեն որոշել է անտեսել հրատարակումից առաջ գրքի բովանդակությունը վերանայելու գործընթացը, որին ժամանակին համաձայնություն է տվել, և փոխարենը ցանկացել է հրապարակել գաղտնի տեղեկատվությունը, քանի որ դա կավելացնի գրքի վաճառքից ակնկալվող եկամուտը»։

The Washington Post-ը, The New York Times-ը և The Wall Street Journal-ը երեկ արդեն հրապարակել են որոշ հատվածներ, որոնք մեծ անհանգստություն են առաջացրել Դոնալդ Թրամփի թիմի շրջանում։

Բոլթոնը 17 ամիս է զբաղեցրել ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։ Նա իր գրքում անդրադառնում է Թրամփի դիրքորոշումներին Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի հետ հարաբերություններում և Ամերիկայի համար կարևոր մի շարք այլ ասպարեզներում։

Մասնավորապես, նա գրում է, թե Թրամփն այս տարի վերընտրվելու համար իբր հայցել է չինացի պաշտոնակից Սի Ծինպինի օգնությունը՝ դրա դիմաց խոստանալով բանավոր կարգով ի լուր աշխարհի աջակցություն հայտնել Չինաստանում ույղուրների պահման կենտրոններ կառուցելու Պեկինի ծրագրին։

Ըստ Բոլթոնի, Ամերիկայի և Չինաստանի նախագահների այդ զրույցը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսին Օսակայում «Մեծ քսանի» հավաքի շրջանակներում կազմակերպված ճաշկերույթի ժամանակ։

Հեղինակի փոխանցմամբ, Թրամփը Չինաստանի ղեկավարին նկատել է տվել, որ ամերիկյան արտադրության սոյայի և ցորենի գնումները շատ կարևոր են ամերիկացի ֆերմերների համար և դրանք կնպաստեն ընտրական հաղթանակին։

ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհիզերը պնդում է, որ ներկա է եղել այդ հանդիպմանը, և զրույցի ընթացքում, Դոնալդ Թրամփը Սի Ծինպինին երբեք չի խնդրել վերընտրությունն ապահովելու համար ավելացնել ամերիկյան պարենի գնումները։

«Բացարձակ սուտ է, ես այնտեղ էի, այդպիսի բան չի եղել», - Սենատում ասել է Լայթհիզերը։

Բոլթոնի պնդմամբ, ույղուրներին առնչվող թեման քննարկվել է միայն թարգմանիչների ներկայությամբ։

«Սի Ծինպինը Դոնալդ Թրամփին բացատրել է, թե ինչու է Սինծիանի նահանգում կառուցում ույղուրների համակենտրոնացման ճամբարները։ Համաձայն մեր թարգմանչի, Թրամփն ասել է, որ Պեկինը շատ ճիշտ է անում և պետք է շարունակի այդ ծրագիրը», - գրքում պնդում է Բոլթոնը։

Նա ասել է, որ «Մեծ քսանի» հավաքում Դոնալդ Թրամփի և Սի Ծինպինի զրույցը մտահոգություն հարուցող բազում դրվագներից ընդամենը մեկն էր։

Բոլթոնի համոզմամբ, Կոնգրեսը պետք է ընդարձակեր իմփիչմենթի քննությունը և այդ ու մի շարք այլ դրվագներ էլ ներառեր։

Իմփիչմենթի գործընթացն այս տարի է ավարտվել հօգուտ Թրամփի։ Նա հրապարակավ կոշտ դիրքորոշում է ցուցաբերել Չինաստանի հարցում, երեկ էլ ստորագրել է հրահանգ, որով չինացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ պատժամիջոցների են ենթարկվում ույղուրներին հալածելու համար։

Գրքում կա անդրադարձ նաև Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հարաբերություններին։

Բոլթոնը գրում է, թե Թրամփը ներկայանում է որպես հմուտ բանակցող, մինչդեռ Պուտինի համար նա մրցակից չէ։

«Չեմ կարծում, որ Պուտինը վախենում է Թրամփից։ Թրամփը ջութակ է Պուտինի ձեռքում։ Պուտինը շատ խելացի և կոշտ մարդ է և շատ լավ է կատարում այդ դերը։ Նա զգում է դա և անվերջ մշակում է Թրամփին ու նրան լուրջ մրցակից չի համարում», - գրքում նշում է Բոլթոնը։

Դոնալդ Թրամփը Բոլթոնին «ստախոս» է անվանել։ Fox News-ի թղթակցի հետ զրույցում Թրամփն ասել է, որ գրքում գաղտնի տեղեկություններ զետեղելով՝ Բոլթոնը գնացել է օրենքին դեմ։

Երեկ Թրամփը խստորեն քննադատել է գիրք հրատարակելու Բոլթոնի նախաձեռնությունը։

«Շատ պարզ է՝ նա խախտել է օրենքը, այնտեղ կա ինֆորմացիա, որը փակ է որպես գաղտնիք, ի դեպ, գերագույն աստիճանի գաղտնիք, և նա չէր ստացել այդ ինֆորմացիան հանրայնացնելու թույտվություն», - ասել է Թրամփը։

Վաշինգտոնում Բոլթոնի գրքի շուրջ սկանդալին անմիջապես արձագանքել է նաև պաշտոնական Պեկինը։

«Չինաստանը մշտապես հետևում է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին, մենք չունենք և երբևէ չենք ունենա Միացյալ Նահանգների ներքին գործերին և ընտրություններին միջամտելու մտադրություն», - հայտարարել է Չինաստանի արտաքին գործոց նախարարության խոսնակ Ժաո Լիչժիանը։

«Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշեր» վերնագրած գրքի հրատարակումն արգելելու հայցի դիմումը դաշնային դատարանը վաղն է քննելու։

Գրքի լույսընծայումը, եթե իրավական որևէ խոչընդոտ չլինի, նախատեսված է հունիսի 23-ին։

«Սա այն գիրքն է, որը Թրամփը չի ուզի, որ դուք կարդաք», - հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։

Առնչվող թեմաներով
Ուղիղ հեռարձակում