Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսհաստատություններում մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով կվերադարձվի։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Կառավարության այսօրվա նիստում Ցանկը հաստատելու նպատակով նախագիծը շրջանառվել և քննարկվել է մյուս գերատեսչությունների հետ, սահմանվել է մասնագիտությունների արդյունավետ ցանկ։
Ինչպես տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարարությունից առաջարկ է ստացվել ցանկը համալրել ագրոբիզնես և ֆինանսներ, ագրոպարենային համակարգի էկոնոմիկա, պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտություններով։ Մինչև ստորագրվելը կքննարկվի նաև ցանկը այս մասնագիտություններով համալրելու հարցը։