Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը համաձայնություն տալու քվեարկությունն է ընթանում:
Ավելի վաղ կայացած փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տրվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն: Քվեարկությանը մասնակցած բոլոր 87 պատգամավորները կողմ քվեարկեցին:
Հիշեցնենք, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել:
Իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից խորհրդարանի նիստին ներկա են և քվեարկությանը մասնակցեցին 86-ը՝ բացակա են Թագուհի Թովմասյանը և Սասուն Միքայելյանը: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը մասնակցեց քվեարկությանը:
Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, երկու որոշումներն էլ ընդունվում են ձայների մեծամասնությամբ, եթե գաղտնի քվեարկությանը մասնակցում է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր ներկայացրած միջնորդությամբ հայցում է խորհրդարանի համաձայնությունը Գագիկ Ծառուկյանին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ: