Մատչելիության հղումներ

ԱԺ-ն քննարկում է Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդությունը


Ազգային ժողովը լրացուցիչ նիստում քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը:

Դատախազը արդեն հանդես է եկել հիմնական զեկույցով: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում է, նրան տեղեկացվել է, որ կարող է գալ խորհրդարան` ելույթով հանդես գալու: Ըստ Արարատ Միրզոյանի` Ծառուկյանը հրաժարվել է ելույթի իրավունքից:

Ավելի վաղ կայացած փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տրվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն: Քվեարկությանը մասնակցած բոլոր 87 պատգամավորները կողմ քվեարկեցին:

Հիշեցնենք, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից խորհրդարանի նիստին ներկա են և քվեարկությանը մասնակցեցին 86-ը՝ բացակա են Թագուհի Թովմասյանը և Սասուն Միքայելյանը: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը մասնակցեց քվեարկությանը:

Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, երկու որոշումներն էլ ընդունվում են ձայների մեծամասնությամբ, եթե գաղտնի քվեարկությանը մասնակցում է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր ներկայացրած միջնորդությամբ հայցում է խորհրդարանի համաձայնությունը Գագիկ Ծառուկյանին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ:

XS
SM
MD
LG