Այս երեկո կեզրափակվի հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը մեկնարկած, մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային երաժշտական 16-րդ մրցույթը, որն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվում է աննախադեպ առցանց ձևով՝ նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների շնորհիվ:
Մրցույթը նման կարգով անցկացնելու մտահաղացումն ու նախաձեռնությունը մրցույթի պաշտոնական նվագախմբինն է՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և նրա գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանինը:
Այս տարի մրցույթին մասնակցում են միայն ջութակահարները: Մրցույթին մասնակից տարբեր երկրների 19 ջութակահարներից եզրափակիչ փուլ են անցել 5 ջութակահար, որոնց անունները հայտնի դարձան երկրորդ փուլի ավարտից հետո՝ հունիսի 13-ին:
Այս երեկո հաղթողների կոչման համար միմյանց հետ կմրցեն Դիանա Ադամյանը, Ֆելիքս Հարությունյանը՝ Հայաստանից, Լորենց Կարլսը՝ Շվեդիայից, Մալքլ Գերմերը՝ Դանիայից և Բելլ Թինգը՝ Թայվանից:
Մինչև եզրափակիչ փուլի մեկնարկը «Արամ Խաչատրյան» միջազգային երաժշտական մրցույթի միջազգային ժյուրիի նախագահ, անվանի ջութակահար, Կոմիտասի անվան կոներվատորիայի պրոֆեսոր, «Կոմիտաս» լարային քառյակի երկարամյա գեղարվեստական ղեկավար և առաջին ջութակ Էդվարդ Թադևոսյանը «Ազատության» հետ զրույցում ներկայացրեց իր տպավորություններն ու կարծիքը մրցույթի մասնակիցների և անցկացման կարգի մասին:
«Առաջինը, սս արդեն համարում եմ, որ մրցույթը կայացած է: Այս դժվար պայմաններում երիտասարդությունը, ի դեմս մեր սիմֆոնիկ նվագախմբի, նրա գեղարվեստական ղեկավարի և այդ թիմի, որոնք օգտագործեցին ժամանակակից տեխնիկական բարդ և բարձր հնարավորությունները մրցույթը կայանալու համար: Երկրորդը, հաճելի էր, որ շատ երկրներից մասնակիցներ եղավ: Կային, իհարկե, տարբեր որակի երաժիշտներ: Կային մեծ հարգանքի արժանի երաժիշտներ, որոնք, բնությունից ավելի քիչ օժտված լինելով, իրենց աշխատասիրության և նպատակասլացության շնորհիվ հասան բարձր արդյունքների: Եվ գլխավոր նպատակը, որ մենք դրել էինք` Խաչատրյանի երաժշտության կատարումը, ես պետք է ասեմ, որ այս մեր մրցույթների տարիների ընթացքում երեք հազարից ավելի ջութակահարներ սերտել են և կատարել են Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը: Սա ուղղակի մեծ նվաճում է, և այն հանգամանքը, որ չի մոռացվում մեր հանճարեղ կոմպոզիտորի երաժշտությունը, ուրախացնում է, որ մենք մեր փոքրիկ ներդրումն ունենք այդ հարցում ևս: Բոլորին, ովքեր անցել են երրորդ փուլ, ցանկանում եմ կանաչ ճանապարհ, գեղեցիկ կատարումներ: Իսկ նրանք, ովքեր չհաղթահարեցին... սա մրցույթ է, չեն կարող բոլորը լինեն հաղթող: Բայց սա մի դպրոց է, որը իրենք անցան, և կարծում եմ, որ օգտակար պիտի լինի երիտասարդ կատարողների համար», - ասաց Թադևոսյանը:
Նա հավելեց, որ փակումը կլինի գալա համերգով. – «Առաջին մրցանակակիրը ելույթ կունենա Խաչատրյանի կոնցերտի կատարմամբ»:
«Այս մրցույթի յուրահատկություններից մեկը հանդիսանում էր այն հանգամանքը, որ հանձնաժողովի անդամները յուրաքանչյուրը` յուրաքանչյուրը, բնականաբար, իր երկրում նստած, քանի որ կորոնավիրուս է, լսում է, ինքը գնահատում է, և ոչ մի շփում չկա հանձնաժողովի անդամների միջև: Եվ այս գնահատականները, ինձ թվում է, որ ավելի անաչառ պետք է դիտվեն»: